2025 թ. հոկտեմբերի 12-ից ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիների համար Շենգենի գոտու սահմանի հատման նոր կարգ կգործի՝ անկախ նրանից, թե տվյալ երկիրը վիզայով, թե առանց վիզայի ռեժիմ ունի ԵՄ հետ։
Շենգենյան երկրներում ներդրվում է EES (Entry Exit System) էլեկտրոնային մուտքի‑ելքի համակարգ՝ հավաքվելու և ստուգվելու են երրորդ երկրների քաղաքացիների կենսաչափական տվյալները՝ միջազգային օդանավակայաններում, երկաթուղային, ավտոմոբիլային և ծովային անցակետերում, հայտնում է Deutsche Welle-ն։
Ում են վերաբերում Շենգենի գոտի մուտքի նոր կանոնները
EES-ն էլեկտրոնային ձևով կգրանցի երրորդ պետությունների քաղաքացիներին, ովքեր կայցելեն Շենգեն՝ 90-180 օր տևողությամբ։ Այս կանոնները չեն տարածվի Շենգենի տարածքում բնակության իրավունք ունեցող քաղաքացիների և բնակիչների վրա։
ԵՄ քաղաքացիների և երկարաժամկետ Շենգեն վիզա ունեցող անձանց համար կլինեն առանձնացված շարքեր, որտեղ պետք է ներկայացնել վիզան կամ բնակության իրավունքի վկայագիրը և անձնագիրը։
Ինչպես կփոխվի մուտքի ընթացակարգը
Առաջին անգամ նոր համակարգից օգտվելու դեպքում անհրաժեշտ կլինի լուսանկարվել և մատնահետքեր հանձնել։ Այդպիսով կստեղծվի թվային նշում, որտեղ կներառվեն նաև անձնագրի տվյալները։ Հետագա սահմանահատումների ժամանակ տվյալները կհամեմատվեն այդ գրառման հետ։ Մինչև 12 տարեկան երեխաներից մատնահետքեր չեն վերցվի։
Հարկ կլինի գրանցվել EES-ի հատուկ տերմինալներում կամ սահմանային ավտոմատներում, որոնք կհավաքագրեն անձնագրի տվյալները և կվերցնեն կենսաչափական տվյալները։ Ավտոմատները կիրառելի են միայն կենսաչափական անձնագրեր ունեցողների համար։
Անցումը նոր համակարգին կլինի փուլային
Ոչ բոլոր անցակետերն անմիջապես կանցնեն նոր համակարգին։ EES-ն աստիճանաբար է ներդրվելու՝ մինչև 2026 թ. ապրիլի 10-ը, երբ անձնագրի կնիքը կփոխարինվի էլեկտրոնային գրառմամբ տվյալների բազայում։
Մինչ այդ՝ առանձին երկրների իշխանությունները որոշում կկայացնեն, թե որ սահմանային անցակետերում և երբ սկսել կիրառել EES-ն՝ հարմարվելու ժամանակ տալով սահմանապահներին, տրանսպորտային ոլորտին և ճանապարհորդներին։
The Independent պարբերականը հայտնում է, որ միայն Չեխիան, Էստոնիան և Լյուքսեմբուրգը հոկտեմբերի 12–ին ամբողջությամբ կանցնեն EES-ին։ Գերմանիան կսկսի Դյուսելդորֆի օդանավակայանից, որտեղ սկզբում միայն մի մասը կանցնի նոր համակարգով, ապա կհաջորդեն Ֆրանկֆուրտը և Մյունխենը։
Առաջին վեց ամսում անալոգային ստանդարտ ստուգումների գործընթացը կշարունակվի՝ մասամբ զուգորդվելով կենսաչափական տվյալների պահանջով։ Սահմանապահները կդնեն կնիքները, մինչ նոր համակարգը ամբողջությամբ կսկսի գործել։
EES-ի նպատակը
EES-ի նպատակը սահմանային հսկողությունն արագացնելն է և ավելի արդյունավետ դարձնելը։ Համակարգը կգրանցի կենսաչափական տվյալները և անձնագրի տեղեկություններն առաջին մուտքի և ելքի ժամանակ, ինչը հաջորդ մուտքերին թույլ կտա արագ ստուգում կատարել։
Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարկուս Լամմերտի խոսքով՝ EES-ը հեշտացնելու է ճանապարհորդությունները և կօգնի պայքարել չարաշահումների դեմ՝ այդ թվում նաև ԵՄ–ի հետ առանց վիզայի ռեժիմով երկրների քաղաքացիների կողմից։
Եթե անձն արդեն անցկացրել է 90 օր Շենգենի տարածքում 180 օրվա ընթացքում և փորձի նորից մուտք գործել, նրան մուտք չեն թույլատրի։ Մերժման վերաբերյալ տվյալները կգրանցվեն EES-ում կամ, եթե անձը ենթակա չէ EES գրանցման, անձնագրում կդրվի մուտքի չեղարկման դրոշմակնիք։
Շենգենի գոտու ընդհանուր տվյալների բազա
Այսուհետ ճանապարհորդների բոլոր տվյալները պահվելու են եվրոպական ընդհանուր տվյալների բազայում, որը թույլ կտա ավելի արդյունավետ հետևել օտարերկրացիների տեղաշարժին Շենգենի ներսում։
Ավելի վաղ յուրաքանչյուր ԵՄ երկիր ուներ միայն իր տվյալների բազան, այժմ Շենգենի համաձայնագրի երկրները փոխանակվելու են տվյալներով բոլոր մուտք գործող անձանց վերաբերյալ և կունենան նույն տվյալները։ EES-ի շնորհիվ սահմանապահ և իրավապահ կառույցներին հասանելի կլինեն ճանապարհորդների տվյալները, ինչը կօգնի հայտնաբերել անվտանգային սպառնալիքները, ինչպես նաև պայքարել հանցավորության և ահաբեկչության դեմ։
Հաջորդ քայլը — ETIAS
2026 թ. վերջում EES-ն կլրացվի Եվրոպական տեղեկատվական և ճանապարհորդական թույլտվությունների համակարգով (ETIAS), որը պահանջելու է առանց վիզայի ռեժիմ ունեցող երկրների ճանապարհորդներից ստանալ Շենգենի գոտի մուտքի թույլտվություն։






