AM
11 Հոկտեմբեր 2025 - 10:10 AMT

ԵՄ ավիացիոն «սև ցուցակից» ՀՀ–ին հանել-չհանելու հարցը կորոշվի նոյեմբերին

Եվրամիության ավիացիոն «սև ցուցակում» ՀՀ–ի մնալ–չմնալու հարցը կորոշվի նոյեմբերին։ Այդ մասին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, հայտնում է Sputnik Արմենիան։

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն 2024 թվականի հոկտեմբերի 1-ին «սև ցուցակից» հանելու նպատակով դիմում է ներկայացրել Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսին։ Գործընթացը սկսվել է նոյեմբերին 13-ին, երբ տեղի է ունեցել Հայաստանի և ՏՆԵԿ–ի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Դեկտեմբերի 24-ին հայկական կողմը փոխանցել է նախկինում հայտնաբերված խախտումները վերացնելը հաստատող փաստաթղթերի փաթեթը՝ դրանք պաշտոնապես վավերացնելու և հետագայում որոշում կայացնելու նպատակով։

«Սեպտեմբերի 1-5-ը ՀՀ-ում անցկացվել է գնահատողական այց, որի շրջանակում իրականացվել է ամբողջ ծավալով համընդհանուր գնահատում, որը չի սահմանափակվել միայն 2020 թվականին արձանագրված թերությունների վերացման աշխատանքների գնահատմամբ»,– հայտնել են ՏԿԵ նախարարությունից։

Ըստ նախարարության տրամադրած տվյալների՝ ստուգման արդյունքները քննարկման կդրվեն նոյեմբերին։

«Աուդիտի արդյունքները նախատեսվում է քննարկել նոյեմբերին Եվրոպական հանձնաժողովի թռիչքային անվտանգության կոմիտի նիստին (EC Air Safety Committee)՝ հայկական ավիաընկերություններին Եվրոպական միության «սև ցուցակից» դուրս հանելու հարցի որոշման նպատակով»,– նշել է նախարարությունը։

Սակայն նախարարությունը նշել է, որ չի կարող հստակ ասել՝ Հայաստանը դուրս կգա՞, թե կմնա ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակում, քանի որ նման կանխատեսում անելն այս փուլում հնարավոր չէ։

2020 թվականին Եվրոպական հանձնաժողովը բոլոր հայկական ավիաընկերությունները ընդգրկել է թռիչքային անվտանգության «սև ցուցակում»։ Դա նշանակում է, որ հայկական փոխադրողների համար արգելված է ԵՄ երկրների օդային տարածքում գործել, քանի որ նրանք չեն բավարարել ավիացիոն անվտանգության միջազգային չափանիշները։ Այդ ցուցակում Հայաստանը հայտնվել է Աֆղանստանի, Անգոլայի, Կոնգոյի, Նեպալի, Սուդանի և այլ երկրների կողքին։

Այնուամենայնիվ, 2021 թվականի նոյեմբերի 15-ին Հայաստանը և Եվրամիությունը ստորագրել են Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը։ Այդ համաձայնագրով նախատեսված է, որ հայկական և եվրոպական ավիաընկերությունները կարող են ազատ թռիչքներ իրականացնել միմյանց տարածքում։ Սակայն դրա իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանը շարունակի ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ավիացիոն անվտանգությունը, օդային երթևեկության կազմակերպումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, տնտեսական քաղաքականությունը և սպառողների իրավունքների պաշտպանությունը։