AM
13 Հոկտեմբեր 2025 - 10:08 AMT

ՀԱՄԱՍ‑ն ազատել է բոլոր իսրայելցի պատանդներին

Գազայի հատվածը ղեկավարող ՀԱՄԱՍ խմբավորումն ազատել է բոլոր իսրայելցի պատանդներին՝ ընդհանուր առմամբ 20 մարդու։ Իսրայելի բանակը՝ ՑԱԽԱԼ–ը հաստատել է, որ նրանք փոխանցվել են զինվորականներին։

Զոհվածների մարմինները դեռևս չեն հանձնվել Իսրայելին, գրում է BBC-ն։

ՀԱՄԱՍ խմբավորումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով Իսրայելին է փոխանցել 13 գերու, մինչ այդ էլ հաղորդվել էր 7 անձի ազատ արձակման մասին։

Նրանք գերության մեջ են եղել 737 օր։ Երեք գերեվարված ունի կրկնակի՝ գերմանական և իսրայելական քաղաքացիություն։ Ազատման գործընթացը տեղի է ունեցել Նեցարիմի միջանցքով՝ Գազայի հատվածի հյուսիսում, գրում է Deutsche Welle-ն։

Պատանդների մի մասը ծանր վիճակում է։

Խաղաղության համաձայնագրի պայմաններով, սպանվածների դիերը պետք է վերադարձվեն 72 ժամվա ընթացքում՝ կենդանի գերիների ազատումից հետո։

Գերիների ընտանիքները նախապես եկել էին Ռեիմ բազա՝ Իսրայելի հարավում, որտեղ ազատվածները պետք է անցնեն բժշկական զննություն։ Դրանից հետո նրանք վերամիավորվելու են իրենց հարազատների հետ։

Ազատման արարողությանը մասնակցելու համար ժամանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Հետագայում նա մեկնելու է Եգիպտոս՝ մասնակցելու խաղաղ համաձայնագրի ստորագրմանը։

Հրադադարն ու պատանդների ազատումն ընդունված խաղաղ պլանի առաջին քայլն է, պարզաբանում է Associated Press գործակալությունը։

Հաջորդ քայլերի վերաբերյալ պահանջները շարունակում են մնալ հակասական։ Սա առաջ է բերում անորոշություն՝ արդյոք հակամարտությունը իսկապես ավարտվել է։

«Իսրայելը ուզում է, որ ՀԱՄԱՍ–ը զինաթափվրի։ Իսկ ՀԱՄԱՍ–ը ցանկանում է, որ Իսրայելը հանի իր զորքերը Գազայի հատվածից։ Սեկտորի իշխանությունը, որը արդեն երկու տասնամյակ է գտնվում ՀԱՄԱՍ‑ի ձեռքում, նույնպես դեռ պետք է սահմանվի», — ասված է AP նյութում։

Միջազգային հումանիտար կազմակերպություններից մի քանիսը արդեն հայտնել են, որ պատրաստ են մեծացնել հատվածին օգնության ծավալը, հատկապես սննդամթերքի, որի պակաս է զգացվում բազմաթիվ շրջաններում։ Խոսք է գնում նաև Եգիպտոսից մոտ 400 բեռնատարների մասին, որոնք հոկտեմբերի 13-ին պետք է անցնեն իսրայելական ստուգում՝ մտնելու վերջին մարտական գործողությունների գոտի։

Եգիպտոսի ԱԳՆ հայտարարել է, որ հոկտեմբերի 13-ին անցկացնելու է միջազգային «խաղաղության գագաթաժողով»։ Փաստացի, ՀԱՄԱՍ–ը չի մասնակցի Շարմ էլ Շեյխում պայմանագրի ստորագրմանը։

«Արարողությանը մասնակցելու են բացառապես միջնորդները, ինչպես նաև ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաները», — ավելի վաղ ասել է մարտիկների ներկայացուցիչը։

Եգիպտոսում Խաղաղության գագաթանժողովի համանախագահներ կլինեն ԱՄՆ և Եգիպտոսի նախագահներ Դոնալդ Թրամփը և Աբդել Ֆաթթահ աս‑Սիսին։ Գագաթաժողովին կմասնակցի աշխարհի մոտ 20 առաջնորդ, այդ թվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։