AM
13 Հոկտեմբեր 2025 - 14:45 AMT

«Վրացական երազանքը» կրկին մեղադրել է ԵՄ‑ին «ծայրահեղականությանն աջակցելու մեջ»

Վրաստանում իշխող «Վրացական երազանքի» առաջնորդները կրկին սուր քննադատություն են հնչեցրել եվրոպական ինստիտուտների հասցեին։ Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, թե Բրյուսելն «աջակցում է էքստրեմիզմին»։

«Մինչև Բրյուսելը չդատապարտի և չհեռանա այն խմբերից, որոնց ինքն է աջակցում և որոնք կազմակերպել են Վրաստանի նախագահի պալատի վրա բռնի հարձակումը, նա կմնա էքստրեմիզմի կողմնակից», – գրել է Պապուաշվիլին ֆեյսբուքյան իր էջում։

ԵՄ‑ին քննադատել է նաև Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին, գրում է «Էխո Կավկազան»։

«Այսօր Բրյուսելում մենք տեսնում ենք մարդկանց, ովքեր կոմունիստական և խորհրդային ժամանակներում պատկանում էին քաղաքական էլիտային և այժմ ապաստան են գտել Եվրամիության կառույցներում։ Ես վստահ կարող եմ ասել, որ նրանք շարունակում են գործել նույն մեթոդներով, ինչպես անում էին խորհրդային ժամանակներում քաղաքականությամբ զբաղվելիս, և փորձում են դրանք կիրառել ԵՄ ներսում», – հայտարարել է նա «Իմեդի» հեռուստաընկերության եթերում։

«Վրացական երազանքի» պահանջում է ԵՄ‑ից հստակ և կոշտ արձագանք տալ հոկտեմբերի 4‑ի դեպքերին, երբ ընդդիմության մի մասը փորձել է մուտք գործել նախագահական ալատի տարածք։

Այս քննադատությունների ֆոնին ակտիվացել են «Վրացական երազանքի» աջակցող կազմակերպությունները, որոնք իշխանություններից պահանջում են ամբողջությամբ դադարեցնել եվրաինտեգրման գործընթացը։

«Միացյալ չեզոք Վրաստան» շարժումն ու «Ձախ դաշինք» կուսակցությունը, որոնք հանդես են եկել ընդդեմ 2026–2030 թվականների համար Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված ԼԳԲՏՔ հավասարության նոր ռազմավարության, հայտարարել են, որ «հանրաքվեի միջոցով պետք է պարզել՝ արդյոք վրաց ժողովուրդը համաձայն է միանալ այդպիսի Եվրոպական միությանը»։

Ավելի վաղ «Վրացական երազանքի» մոտ կանգնած կառույցները պնդել էին, որ Վրաստանի բնակչության մեծամասնությունը չի աջակցում երկրի եվրոպական ուղղությանը և պահանջել էին Սահմանադրությունից հանել եվրաինտեգրման մասին դրույթը։

Հոկտեմբերի 5‑ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասն ու ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչ են արել «կառուցողական եւ ընդգրկուն երկխոսության՝ քաղաքական բոլոր ուժերի եւ քաղաքացիական հասարակության մասնակցությամբ»։ Նրանք հորդորել են բոլոր կողմերին զերծ մնալ բռնությունից։