AM
14 Հոկտեմբեր 2025 - 07:03 AMT

Էուլջեքջյանը կապ է հաստատել ընտանիքի հետ. Նրա խնդրած իրերը հնարավոր չէ փոխանցել

Ադրբեջանական բանտում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքջյանը կապ հաստատել իր ընտանիքի հետ, սակայն նրա խնդրած իրերն առայժմ հնարավոր չէ փոխանցել։

Նրա կինը՝ Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ Վիգենը զանգել է հոկտեմբերի 10–ին, հայտնում է «Փաստինֆոն»։

«Ասաց, որ լավ է։ Նա ծխախոտ և կարտոֆիլ է խնդրել, ասաց, որ ուրիշ ոչինչ չի կարողանում ուտել, և միայն կարտոֆիլ խնդրեց»,- պատմել է կինը՝ ավելացնելով, որ չգիտեն, թե ինչպես են իրերը փոխանցելու նրան։

Լինդա Էուլջեքջյանը նշել է, որ հարցը հստակեցնելու նպատակով դիմել են իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանին, սակայն վերջինս հայտնել է, որ ներկա պահին որևէ եղանակ չկա Վիգենին որևէ իր փոխանցելու։

«Մենք դիմեցինք Սիրանուշ Սահակյանին, խնդրեցինք պարզաբանել, թե ինչ տարբերակ կա դրա համար, սակայն նա ասաց, որ ներկայումս իրենք այդ հարցում չեն կարող օգնել, չունեն որևէ տարբերակ՝ որեւէ իր փոխանցելու համար։ Կարմիր խաչի՝ Ադրբեջանից դուրս գալուց հետո չկա որևէ կազմակերպություն, որը նրանց այցելում է այնտեղ ու որի միջոցով հնարավոր կլինի որևէ սնունդ, հագուստ կամ ծխախոտ ուղարկել»,-ասել է Լինդա Էուլջեքջյանը։

46-ամյա Վիգեն Էուլջեքջյանը հանդիսանում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Լիբանանի քաղաքացի։ Նրան Ադրբեջանը առևանգել է Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ ՀՀ-Ադրբեջան հրադադարի պայմանագրի ստորագրումից ընդամենը մեկ օր անց, որով ավարտվել է 44-օրյա պատերազմը։ Նա մնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող վեց քաղաքացիական պատանդներից մեկը։ Գերության ընթացքում Էուլջեքջյանն արդեն երեք անգամ հացադուլ է հայտարարել։