AM
14 Հոկտեմբեր 2025 - 08:48 AMT

Մելիքյան․ Լավ հասկանում ենք իռլանդացիների մոտիվացիան՝ շատ դժվար է լինելու

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Դուբլինում Իռլանդիայի թիմի հետ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումից առաջ ասել է, որ լավ հասկանում են իռլանդացիների մոտիվացիան՝ շատ դժվար է լինելու:

«Գիտենք, որ վաղը շատ դժվար է լինելու մեզ համար այստեղ, որովհետև Իռլանդիայի թիմը պարտվել է և հասկանում է, որ վերջին շանսերից է, որ մեզ հաղթի և պահպանի հնարավորություն։ Շատ լավ հասկանում ենք մրցակցի մոտիվացիան։ 100 % տարբերվելու է առաջին խաղից։ Պետք է մենք ճիշտ պատրաստվենք հոգեբանորեն և տակտիկապես»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նա ընդգծել է, որ ազգային թիմը խաղում է ամբողջ հայության համար։

«Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը խաղում է հայերի համար՝ երբ մենք դրսում ենք խաղում, ավելի շատ սփյուռքի մասին ենք մտածում, որ նրանք օտար երկրում իրենց ավելի լավ զգան, հպարտ լինեն»,- ասել է Մելիքյանը:

Նա նշել է, որ զգում է մեծ պատասխանատվություն, քանի որ հավաքականի հետ աշխատանքն ունի նաև հոգեբանական առանձնահատկություններ։

«Բացի հոգեբանությունից, տարբերություն կա նաև աշխատանքի մեջ, քանի որ ակումբում ֆուտբոլիստն ունի պայմանագիր, իսկ հավաքականում հայրենասիրության, նվիրվածության և պատասխանատվության ուղղությունը պետք է բռնես և աշխատես»,–ասել է գլխավոր մարզիչը։

Հոկտեմբերի 14–ին աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու որակավորմանլ փուլի F խմբի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում կմրցի Իռլանդիայի ընտրանու հետ։

Սեփական հարկի տակ Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով առավելության հասավ Իռլանդիայի նկատմամբ՝ առաջին հաղթանակը տոնելով աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական մրցաշարում: