AM
15 Հոկտեմբեր 2025 - 07:40 AMT

Վարդանյանի գործով «տուժողները» ասել են, որ երբեք նրան չեն տեսել

Հոկտեմբերի 14–ին Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է շինծու գործով մեղադրվող գործարար, բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։

Դատավորը ներկայացրել է դատավորների կազմը, դատախազներին, թարգմանիչներին և մյուս կողմերին, բացատրել է նրանց իրավունքներն ու պարտականություններն ըստ օրենքի, գրում է Azertag-ը։

Դատական նիստում հարցաքննվել են այսպես կոչված «տուժողները», որոնք պատմել են Արցախի տարածքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ծավալված մարտական գործողություններին իրենց մասնակցության և ստացած վիրավորումների մասին։

Բոլոր «տուժողները», այդ թվում հայկական ուժերի կողմից գերեվարվածները, խոստովանել են, որ երբեք չեն տեսել Վարդանյանին և գիտեն նրա մասին միայն սոցցանցերից։

Այնուհետև դատարանում հրապարակվել են բոլոր տուժածների վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։

Հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 21-ին։

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը պաշտոնավարել է 2022 թ. նոյեմբերից մինչև 2023 թ. փետրվար, միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումով շարունակում է պահվել Բաքվի բանտում: Նրա գործն առանձին վարույթով է քննվում։