Ադրբեջանում պետության հովանու ներքո գործող քարտեզագիրների միավորումը հրապարակել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» քարտեզը։ Այդ միավորման նախագահ Մուղաբիլ Բայրամովը հայտարարել է, որ այն ստեղծվել է տիեզերքից ստացված պատկերների հիման վրա և հրապարակվել է նաև անգլերեն լեզվով, գրում է APA-ն։
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այդ փաստին, նշել է, որ Ադրբեջանում հրապարակված քարտեզում «ՀՀ տեղանունները թյուրքացված են, ճանապարհի վրա չկան որևէ նշաններ, որոնք կհուշեն անցակետերի մասին»:
«Մի խոսքով, տխուր քարտեզ է։
Իսկ մի քանի օր առաջ թուրքական խոշոր ընդդիմադիր մեդիաներից ODA TV-ի հրապարակած տեղեկատվությամբ (վերջինս հայտնի է սկանդալային լրատվությամբ, սակայն ունի մեծ և ազդեցիկ լսարան), ՀՀ դե-ֆակտո իշխանությունը համաձայնել է Սյունիքում մոտ 1200 քռ. կմ-ոց գոտին (Մեղրիից մինչև Կապան) փաստացի հանձնել Թուրքիայի և Ադրբեջանի կառավարմանը՝ «Զանգեզուրի միջանցքի» շրջանակներում, իսկ հայ-թուրքական Մարգարա անցակետի մոտ գտնվող մի փոքրիկ չեզոք գոտի էլ տրվելու է Թուրքիայի «հատուկ վարչական վերահսկողությանը»։
Էական չէ, թե այս լուրը որքան է ճիշտ այս պահի դրությամբ։ Էականն այն է, որ երկու հարևան ու թշնամական երկրում մեր տարածքի՝ Սյունիքի հանդեպ կատարվում է ծավալուն աշխատանք, այդ թվում՝ տեղեկատվական։
Դժվար է նկարագրել, թե ինչ ինտենսիվությամբ ու ծավալով են Ադրբեջանում և հատկապես Թուրքիայում նախապատրաստում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։
Գրեթե ամենօրյա ռեժիմով հրապարակվող հատուկ ռեպորտաժներ, վերլուծականներ, անցկացվող տասնյակ միջոցառումներ, կոչեր և ենթակառուցվածքային ծրագրեր, որոնցում «միջանցքը» կենտրոնական թեման է։ Եվ սա ամբողջ ամբողջական ցանկն է։
«Զանգեզուրի միջանցքի» թեման, կարելի է ասել, դարձել է թուրքական արարողակարգի մի մասը։ Օրինակ երբ այցելում են Հայաստանին ու Նախիջևանին սահմանակից գոտիներ, տեղի պաշտոնյաներին պարտադիր կերպով շնորհավորում են «միջանցքի» բացման առիթով։
«Միջանցքի» մասին խոսում են բոլոր մակարդակներում՝ վերածելով այն նաև ներքին քաղաքականության կարևորագույն գործոններից մեկին։
Սա չի մնում անհետևանք. «Զանգեզուրի միջանցքը»՝ Սյունիքի հարավի նվաճումով Ադրբեջանին միանալու պանթուրքական գաղափարը մեր հարևան պետություններում դառնում է հստակ ձևակերպված հանրային պահանջ։ Իսկ ինչ է լինում դրանից հետո, հաստատ չի կարելի կոչել խաղաղություն։ Սա չի կարելի չնկատել»,–գրել է թյուրքագետը։

Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։
Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։






