Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի կարծիքով` աշխարհի առաջնության ընտրական փուլի 4-րդ տուրի Իռլանդիայի դեմ արտագնա խաղում բեկումնային եղավ Տիգրան Բարսեղյանի ստացած կարմիր քարտը:
«Կարմիր քարտը կոտրեց մեր խաղը, բայց դա իմ ֆուտբոլիստի սխալն է, ինչը նշանակում է՝ իմ սխալն է: Իմ ֆուտբոլիստների հետ կապված ինչ պատահում է, ես որպես գլխավոր մարզիչ, ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը և ներողություն եմ խնդրում: Մեր երկրպագուն մեզնից ակնկալում էր միավորներ, իսկ մենք այս երկու հանդիպմանը չունեցանք այդ միավորները: Ներողություն եմ խնդրում: Ամեն դեպքում հպարտ եմ իմ թիմի համար»,- ասել է նա հետխաղյա մամուլի ասուլիսում, հայտնում է Արմենպրեսը։
Վերջինիս խոսքով` Իռլանդիայից կրած պարտությունը պետք է ընդունել ըստ արժանվույն ու նայել առաջ:
«Վստահ եմ, որ մենք կարող էինք հաջողության հասնել 11-ը 11-ի դեմ, բայց երբ մնացինք 10 հոգով, ես ռիսկային քայլ կատարեցի` փոխելով խաղային սխեման»,-ասել է մասնագետը:
Հայաստանի հավաքականը վերջին երկու հանդիպումներում մրցելու է Հունգարիայի և Պորտուգալիայի ընտրանիների հետ։ Նոյեմբերի 13-ին Երևանում կկայանա Հունգարիայի հետ հանդիպումը, իսկ երեք օր անց՝ նոյեմբերի 16-ին, Եղիշե Մելիքյանի ղեկավարած թիմը արտագնա խաղում ուժերը կչափի Պորտուգալիայի ընտրանու հետ։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն աշխարհի առաջնության որակավորման փուլի F խմբի 4-րդ տուրի խաղում հյուրընկալվել էր Իռլանդիային ու զիջել նվազագույն հաշվով: Երկրորդ կեսի մեկնարկին մրցակցին գլխով խփելու համար ուղիղ կարմիր քարտով հեռացվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Տիգրան Բարսեղյանը, ինչից հետո Իռլանդիայի հավաքականը կարողացավ բացել հաշիվն ու պահել այն մինչև խաղի ավարտը: Խաղն ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ Իռլանդիայի։






