Կադաստրի կոմիտեն առաջարկում է գույքի գործարքների ինքնաշխատ գրանցման էլեկտրոնային համակարգ ներդնել։ Քաղաքացիներ կկարողանան անշարժ գույքի առուվաճառքի կամ այլ գործարքների պայմանագրեր ձևակերպել ու գրանցել առանց նոտարական վավերացման։ Այդ մասին հայտնել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Թովմասյանը նշել է, որ Կադաստրի կոմիտեն երկար ժամանակ իրականացնում է թվայնացման ուղղությամբ քայլեր, որոնց նպատակը գործարքների գործընթացի պարզեցումն ու քաղաքացիների համար մատչելիությունը, անվտանգությունն ու արագությունն է, հայտնում է Արմենպրեսը։
«Մենք ներդնում ենք ինքնաշխատ էլեկտրոնային համակարգ, որը ինտեգրված է լինելու «Ես եմ» նույնականացման համակարգի հետ։ Յուրաքանչյուր քաղաքացի, նույնականացվելով համակարգում, մուտք է գործելու իր անձնական գրասենյակ և կարողանալու է առցանց ստորագրել առուվաճառքի կամ այլ պայմանագիր՝ օգտագործելով էլեկտրոնային թվային ստորագրությունը»,-նշել է նա։
Գործարքի կողմերը՝ գնորդն ու վաճառողը, առցանց կհաստատեն պայմանագրի ստորագրումը, որից հետո փաստաթուղթն ավտոմատ կերպով կհասցվի Կադաստրի տեղեկատվական շտեմարան ու կգրանցվի առանց ռեգիստրի աշխատակցի մասնակցության։
Թովմասյանի խոսքով՝ նախագիծը նախատեսում է մեկուկես տարվա փորձնական փուլ, որի ընթացքում կթեստավորվեն ինչպես տեխնիկական, այնպես էլ իրավական բաղադրիչները։
«Այս համակարգի ներդրմամբ քաղաքացիները կկարողանան խնայել թե՛ ժամանակ, թե՛ միջոցներ։ Պայմանագրի կնքումից անմիջապես հետո համակարգն ավտոմատ կգեներացնի գրանցման վկայականը՝ առանց հավելյալ վճարների կամ սպասման ժամկետի»,-ընդգծել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը։
Նրա գնահատմամբ՝ նախաձեռնությունն ուղղված է գործարքների գործընթացի պարզեցմանը, պետական ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանը և քաղաքացու վրա վարչարարական բեռի նվազեցմանը։






