AM
15 Հոկտեմբեր 2025 - 10:54 AMT

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարին մեղադրել են պետդավաճանության մեջ

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեխտիևին մեղադրել են պետական դավաճանության մեջ։ Խափանման միջոց է սահմանվել տնային կալանքը 4 ամիս ժամկետով, հայտնում է Report․az-ը։

Նա մեղադրվում է այդ թվում իշխանազավթման փորձի մեջ։

87–ամյա Մեխտիևը ներգրավված է որպես մեղադրյալ՝ կապված մի շարք ծանր հանցագործությունների հետ։ Քննության տվյալներով, նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝ 278.1 (իշխանությունը զավթելու գործողություններ), 274 (պետական դավաճանություն) և 193-1.3.2 (հանցագործ ճանապարհով ստացված գույքի օրինականացում)։

Ռամիզ Մեխտիևը համարվում է վերջին տասնամյակների Ադրբեջանի քաղաքական առանցքային դեմքերից մեկը։ Նա 1995-ից մինչև 2019 թվականը գլխավորել է նախագահի աշխատակազմը՝ լինելով Հեյդար և Իլհամ Ալիևների ամենամոտ գործընկերներից։ Աշխատանքից հեռանալուց հետո, 2019 թվականին, դարձել է Ադրբեջանի Ազգային գիտությունների ակադեմիայի նախագահ և այդ պաշտոնում մնացել մինչև 2022 թվականը։

2025 թվականի հոկտեմբերին գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտնել է, որ ակադեմիայում ընթանում է խորը հետաքննություն՝ 2020–2023 թվականներին տեղի ունեցած իրավախախտումների կապակցությամբ։ Դատախազի խոսքով՝ քրեական գործը ներառում է մի շարք դրվագներ, այդ թվում՝ ազգային ակադեմիայի հետ կապված առանձնապես խոշոր գումարների յուրացման դեպքեր։