Հյուսիսային Ամերիկայի Հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդները մտահոգություն են հայտնել ՀՀ-ում տեղի ունեցող հոգևորականների վերջին ձերբակալությունների կապակցությամբ և շեշտել են իրենց անսասան աջակցությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, հոգևորականներին և հավատացյալներին։
«Ձերբակալված հոգևորականները ճանաչված են իրենց նվիրումով, խոնարհությամբ և ժողովրդին ու Ավետարանին ծառայությամբ։ Նման վերաբերմունքը վտանգի տակ է դնում մեր ազգի բարոյական և հոգևոր հիմքերը, խաթարում է եկեղեցու սրբազան դերը մեր ազգային կյանքում։
Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին ապահովել արդարադատության իրականացումը՝ խստորեն պահպանելով թափանցիկությունն ու օրենքի պահանջները, միաժամանակ հարգելով Հայ եկեղեցու պատմական ինքնիշխանությունն ու հոգևոր առաքելությունը»,–ասվում է հայտարարության մեջ։
Թեմակալ առաջնորդները շեշտել են իրենց անսասան աջակցությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, հոգևորականներին և հավատացյալներին՝ թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում՝ ընդգծելով միասնականության կարևորությունը այս դժվարին օրերին։
Հայտարարությունը ստորագրել են Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը և Կանադահայ թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը
Հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի բնակարանում, որից հետո նրան բերման են ենթարկել։ Սրբազանի հետ միասին բերման են ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 հոգևորականներ ու առաջնորդարանի աշխատակիցներ։
Քննչական կոմիտեն ավելի ուշ հաղորդել է, որ երեք անձ ձերբակալվել է, որոնց թվում է նաև թեմի առաջնորդը։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու նպատակով պաշտոնեական դիրքի օգտագործում, ինչպես նաև՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունների կիրառմամբ հավաքներին մասնակցելուն հարկադրելու մեղադրանքներով։






