AM
16 Հոկտեմբեր 2025 - 09:55 AMT

Աբրահամյան․ Հալածելով եկեղեցուն` իշխանությունները փորձում են վախեցնել այլախոհներին

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները, «հալածելով Հայ առաքելական եկեղեցուն, ձգտում են վախեցնել այլախոհներին»։ Այդ մասին ասվում է նրա հայտարարության մեջ։

«Հայաստանում գնալով պակասում են այն ընդհանուր գաղափարներն ու արժեքները, որոնք կարող են միավորել հասարակությունը։ Պետական գաղափարախոսության հիմք դարձած նյութապաշտությունը և հոգևոր սնանկությունը քայքայում և հյուծում են հասարակական կյանքը։ Մարդիկ խուսափում են սթափ դատողություններից՝ հագուրդ տալով իշխանությունների հավակնություններին։

Հայ ժողովուրդը դարերի ընթացքում իր հավատքով, աշխատանքով, պատմությամբ ու մշակույթով ծառայել է Աստծուն և այդ հավատքի շնորհիվ ուժ է ստացել ապրելու և պայքարելու համար։ Դրա շնորհիվ նա պահպանել է իր լեզուն, հավատքը, ավանդույթներն ու արժեքները։

Չի կարչելի թույլ տալ, որ հոգևոր անկումը գերակայի, որ մարդկանց զրկեն սատարելու հնարավորությունից այն ամենին, ինչին նրանք հավատում են։ Դա տանում է դեպի դիկտատուրա, որը կրկնակի վտանգավոր է հոգևոր կյանքի անկման ֆոնին»,–գրել է նա։

Հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի բնակարանում, որից հետո նրան բերման են ենթարկել։ Սրբազանի հետ միասին բերման են ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 հոգևորականներ ու առաջնորդարանի աշխատակիցներ։

Քննչական կոմիտեն ավելի ուշ հաղորդել է, որ երեք անձ ձերբակալվել է, որոնց թվում է նաև թեմի առաջնորդը։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու նպատակով պաշտոնեական դիրքի օգտագործում, ինչպես նաև՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունների կիրառմամբ հավաքներին մասնակցելուն հարկադրելու մեղադրանքներով։