AM
17 Հոկտեմբեր 2025 - 08:20 AMT

Արամ Ա–ն դատապարտել է հոգևորականների շարունակվող ձերբակալությունները

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը խստորեն դատապարտում է հայ հոգևորականների շարունակվող ձերբակալությունները, հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ մի քանի ամիս առաջ նա հրապարակային կերպով դատապարտել է հոգևորականների ձերբակալությունները՝ անընդունելի որակելով այդ երևույթը, և միջնորդների միջոցով դիմել էր համապատասխան մարմիններին՝ պահանջելով դադարեցնել այդ գործընթացը։

«Արամ Ա կաթողիկոսը ներկայումս գտնվում է հովվապետական այցելության շրջանակում, և, տեղեկանալով նոր ձերբակալությունների մասին, կրկին խստորեն քննադատել է ստեղծված իրավիճակը՝ այն անթույլատրելի համարելով։

Միևնույն ժամանակ, Վեհափառ Հայրապետը հանձնարարել է ներկայումս մշակութային առաքելությամբ Հայաստանում գտնվող Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանին փոխանցել իր մտահոգությունն ու դատապարտումը քաղաքական ու պետական պատասխանատուներին, ինչպես նաև վարչապետին»,–ասվում է կաթողիկոսարանի հայտարարության մեջ։

Նշվում է, որ Վեհափառի տեսակետն է, որ պետություն–եկեղեցի հարաբերություններում առկա ներկայիս լարված ու անառողջ մթնոլորտը հնարավորինս արագ հաղթահարվի։ Նրա համոզմամբ՝ ազգային ու պետական բարձրագույն շահերը պահանջում են, որ «պետությունն ու եկեղեցին՝ որպես ազգային ինքնության կարևորագույն հիմնասյուներ, ունենան փոխադարձ հարգանքի ու համագործակցության վրա հիմնված ամուր հարաբերություն»։

Հայաստանում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի ներկայացուցիչ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը, ով հոկտեմբերի 16–ին հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սրբազանը Երևան է ժամանել կաթողիկոսի անունից։ Հանդիպման մասին կառավարության և Անթիլիասի հաղորդագրությունները տարբերվում են:

Կառավարությունը հայտնել է միայն Արամ Ա–ի ջերմ ողջույնների և օրհնության մասին, իսկ Անթիլիասը՝ որ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը վարչապետին է փոխանցել Արամ Ա-ի մտահոգությունները՝ կապված հոգևորականների ձերբակալությունների հետ։