«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») ղեկավար Գոհար Աբաջյանի կարծիքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրով՝ Հայաստանը մտնում է նոր տնտեսական փուլ՝ բարելավված ենթակառուցվածքներով և ավելի խորը տարածաշրջանային ինտեգրմամբ։Աբաջյանը նման կարծիք է հայտնել Հայաստանի ներդրումային խորհրդի կազմակերպած «Միջազգային առևտրի և ներդրումների ֆորումի» ընթացքում։
Աբաջյանը նշել է, որ համաշխարհային առևտրի և ներդրումների լանդշաֆտը շատ արագ փոխվում է, և ամենահաջող ներդրումները, որոնք տեսանելի են այժմ, տեխնոլոգիաների, ծառայությունների և արտադրության համադրություն են, հայտնում է Արմենպրեսը։
«Այս նոր միջավայրում ներդրողները դիտարկում են երեք հիմնական բան․ կանխատեսելի կանոններ, ամուր կապակցվածություն և, իհարկե, կատարողականություն։ Հայաստանը պատրաստ է առաջարկել այս երեքը։ Նախ՝ կանխատեսելիությունը. մեր ներդրումային քաղաքականությունը ստեղծում է թափանցիկ և կանոնների վրա հիմնված միջավայր, որը բոլոր ներդրողների համար հավասար է։ Մենք թվայնացնում ենք մեր հանրային և ներդրումային ծառայությունները և փորձում ենք դրանք դարձնել ավելի արդյունավետ՝ գաղափարից մինչև կատարում և շահագործման հանձնում։ Իհարկե, ինչպես շատ կառավարություններում, կան բազմաթիվ կատարողական խոչընդոտներ, բայց կա մեր կառավարության պարտավորությունը և լիակատար աջակցությունը։ Մեր կառավարությունը կանգնած է յուրաքանչյուր բիզնեսի կողքին և պահում է իր խոսքը»,-շեշտել է Աբաջյանը։
Երկրորդ կարևոր պայմանը, ըստ Աբաջյանի, կապակցվածության բարձր մակարդակն է, որտեղ Հայաստանը ունի բնական առավելություն՝ իր աշխարհագրական դիրքի շնորհիվ։
«Հայաստանի համար խաղաղությունն ու կայունությունը պարզապես վերացական բառեր չեն, այլ տնտեսական ակտիվներ, որոնք մենք ձեռք ենք բերել: Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և TRIPP-ի (խմբ․ Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) միջոցով Հայաստանը կամրապնդի բազմամոդալ կապը Սև ծովի, Կասպից ծովի և Պարսից ծոցի հետ: Եվ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագրով՝ Հայաստանը մտնում է նոր տնտեսական փուլ՝ բարելավված ենթակառուցվածքներով և ավելի խորը տարածաշրջանային ինտեգրմամբ»,-նշել է Աբաջյանը։
Նա մատնանշել է, որ բիզնեսի և ներդրողների համար սա նշանակում է դիվերսիֆիկացված լոգիստիկա և ավելի կարճ տարանցման ժամանակ ու բազմաթիվ տարածաշրջանային շուկաներ՝ մեկ ներդրումային բազայից։
Աբաջյանը որպես ներդրումային հաջողության երրորդ պայման նշել է ծրագրերի ու նախաձեռնությունների կատարողական մակարդակը։
«Ներդրողները գնահատում են վստահությունը, որ խոստացված հանձնառությունը կկատարվի։ «Էնթերփրայզ Արմենիան» կանգնած է բոլոր ներդրողների կողքին։ Մենք կապված ենք մեր պետական հատվածի հետ ու փորձում ենք ամեն ինչ դարձնել արագ և կանխատեսելի՝ սկսած թույլտվություններից և ֆինանսավորման հնարավորություններից։ Եվ այն, ինչն իմ կարծիքով այսօր տարբերակում է Հայաստանը, ոչ միայն տեխնոլոգիաներն են, այլև բազմազան հնարավորությունները, որտեղ գլոբալ ընկերությունները կարող են գտնել կոմպակտ, դեռևս շատ կարող բազա՝ փորձաքննության, արտադրության և նախատիպերի ստեղծման համար»,- նշել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրենը։
Աբաջյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի ինժեներական ներուժը, որակյալ և բարձր որակավորում ունեցող աշխատուժը, ինչպես նաև ստեղծագործական կարողությունները հնարավորություն են տալիս ամբողջական տեսլական ձևավորել ներդրումային դաշտում առկա հեռանկարների վերաբերյալ։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






