AM
17 Հոկտեմբեր 2025 - 15:05 AMT

Աճեմօղլու․ Որևէ կուսակցության հետ չեմ համագործակցում՝ ոչ ՀՀ–ում, ոչ Թուրքիայում

Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն հայտարարել է, որ որևէ կուսակցության հետ չի համագործակցում՝ ոչ ՀՀ–ում, ոչ Թուրքիայում

Գործարար Սամվել Կարապետյանի կողմից հիմնադրված և Հայաստանում քաղաքական կուսակցություն ձևավորելու գործընթաց նախատեսող «Մեր ձևով» շարժման ժողովում ցուցադրվել է նրա տեսաուղերձը։

«Ես չեմ աշխատում որևէ կուսակցության հետ Հայաստանում կամ Թուրքիայում։ Ես ուղերձ եմ ուղարկել նրանց համաժողովի համար, սակայն որևէ կապ չունեմ այդ կուսակցության հետ», գրում է Agos-ը։

Ժողովից առաջ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն ասել է, որ Աճեմօղլուն կմասնակցի որպես խորհրդատու և փորձագետ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին։

Իր խոսքում Աճեմօղլուն ասել էր, որ «արհեստական բանականությունն ու այն հնարավորությունները, որոնք այն կբերի, հատկապես կարևոր են Հայաստանի զարգացման համար, և ներառական ու հաշվետու հաստատությունների ձևավորումը անչափ կարևոր է»:

Դրան հաջորդել էին մի շարք հայկական լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, թե Աճեմօղլուն միացել է Կարապետյանի շարժմանը։

Գործարար ու բարերար Սամվել Կարապետյանը, ով երկու ամիսով կալանավորված է, հայտարարել է նոր քաղաքական թիմի ձևավորման գործընթաց սկսելու մասինի։ Կարապետյանը շեշտել է, որ իրենց նոր ձևավորվող թիմը կունենա սեփական մոտեցումը՝ չբացառելով համագործակցությունը համախոհների հետ ու մերժելով հասարակական պառակտումը խթանող քաղաքականությունը։ Նա ընդգծել է նաև, որ իշխանության տարբեր ոլորտներում գործում են մասնագետներ, ովքեր չնայած չեն կիսում իշխանության արժեքները, սակայն դեռևս չեն գտել իրավիճակից դուրս գալու ուղին։