Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ ԱՄՆ-ից, քանի որ, նրա խոսքերով, «միայն նախագահ Դոնալդ Թրամփն է խոսում Ռուսաստանի հետ»։
Նա հիշեցրել է, որ եվրոպական երաշխիքները «արդեն պատրաստ են, կան թղթի վրա», բայց դա բավարար չէ, և երկրին անհրաժեշտ են Միացյալ Նահանգների երաշխիքները, հայտնում է Pravda.com–ը։
«Լավ է, որ մենք քննարկել ենք անվտանգության երաշխիքները, և Միացյալ Նահանգները դեմ չէ այդ թեմային։ Եվ եվրոպական կողմը գրեթե պատրաստ է, անվտանգության երաշխիքները թղթի վրա արդեն պատրաստ են՝ այն առումով, թե ինչ կարող է տրամադրվել Եվրոպայից։
Մենք ասել ենք, որ մեզ անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ Միացյալ Նահանգներից։ Քանի որ միայն Միացյալ Նահանգներն այժմ կարող է խոսել Ռուսաստանի հետ, միայն նախագահ Թրամփ ունի երկխոսություն Ռուսաստանի հետ, և դա շատ կարևոր է։
Մեզ անհրաժեշտ են հզոր անվտանգության երաշխիքներ, քանի որ ես մտահոգված եմ, իմ երկիրն էլ է մտահոգված, որ կրակի դադարեցումից հետո մեզ միևնույնն է անհրաժեշտ կլինեն անվտանգության երաշխիքներ, որպեսզի Պուտինը չվերադառնա նոր ագրեսիայով»,–ասել է նա։
Այդ հայտարարությունից առաջ Զելենսկին ասել էր, որ Ուկրաինան և ԱՄՆ-ն որոշել են առայժմ չհրապարակել հեռահար համակարգերի վերաբերյալ մանրամասներ՝ հավելելով, որ Վաշինգտոնը չի ցանկանում սրել իրավիճակը։ Նա նշել է նաև, որ «ռուսները վախենում են «Թոմահավք» հրթիռներից, որոնք Ուկրաինան կարող է ստանալ Միացյալ Նահանգներից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել խաղաղ համաձայնության օգտին և առաջարկել է կանգ առնել այնտեղ, որտեղ կողմերը գտնվում են։ Նա այd մասին գրել է X-ում՝ հանդիպումը բնութագրելով որպես «շատ հետաքրքիր և ջերմ»։
Թրամփն ասել է. «Ես նրան ասացի, ինչպես նաև նախագահ Պուտինին, որ եկել է ժամանակը դադարեցնել սպանությունները և կնքել համաձայնագիր։ Արդեն բավական արյուն է թափվել, իսկ սեփականության սահմանները որոշվում են պատերազմով և խիզախությամբ։ Նրանք պետք է կանգ առնեն այնտեղ, որտեղ այժմ են։ Թող երկուսն էլ հռչակեն հաղթանակ, թող պատմությունը դատի։ Այլևս ոչ մի կրակոց, ոչ մի զոհ, ոչ մի հսկայական և անհիմն գումարային ծախս»։
Նա նաև կրկին նշել է, որ այս պատերազմը երբեք չէր սկսվի, եթե ինքը լիներ նախագահ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, բրիֆինգի ժամանակ, համաձայնել է Թրամփի հետ՝ հայտարարելով. «…մենք պետք է կանգ առնենք այնտեղ, որտեղ հիմա ենք, և Թրամփը ճիշտ է` kարևոր է դա կանգնեցնել, հետո սկսել խոսակցություն»։
Հոկտեմբերի 17-ին Սպիտակ տանը տեղի է ունեցել պաշտոնական երկկողմ հանդիպում՝ ճաշի ձևաչափով, Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։ Քննարկման առանցքային թեմաներից մեկը եղել է Ուկրաինային «Թոմահավք» հեռահար հրթիռների հնարավոր փոխանցումը։
ԱՄՆ նախագահն ավելի ուշ նշել է, որ Կրեմլի ղեկավարի հետ զրույցից հետո վերջինս բացասաբար է արձագանքել նման առաքումների գաղափարին։ Մինչ հանդիպումը Զելենսկին հայտնել էր, որ պատրաստվում է առաջարկել Թրամփին պայմանավորվածություն՝ Ուկրաինայի անօդաչու համակարգերի դիմաց ստանալ թևավոր հրթիռներ։
Ուկրաինայի պատվիրակությունը Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում ներկայացրել էր ամերիկյան գործընկերներին քարտեզ՝ Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության և ռազմական տնտեսության «ցավոտ կետերով»։






