Ադրբեջանը վերացրել է բոլոր սահմանափակումները դեպի Հայաստանի տարանցիկ բեռների համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ մամուլի հայտարարության ժամանակ, հայտնում է APA-ն։
«Նաև պետք է ասեմ, որ Ադրբեջանը վերացրել է բոլոր սահմանափակումները Հայաստան տարանցիկ բեռների համար, որոնք գործում էին, և նման առաջին բեռը Ղազախստանից Հայաստան ուղարկված հացահատիկն էր։ Կարծում եմ՝ սա ևս լավ օրինակ է այն բանի, որ խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն գոյություն ունի ոչ միայն թղթի վրա, այլև՝ գործնականում», — ասել է Ալիևը։
Ալիևը նաև հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը կարող է բացվել մինչև 2028 թվականի ավարտը»։
«Բացի այն ամենից, ինչ մենք այժմ ծրագրում և իրականացնում ենք, հսկայական ներուժ ունի նաև Զանգեզուրի միջանցքի նախագիծը։ Ադրբեջանի տարածքում ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության բոլոր աշխատանքները կավարտվեն 2026–ի կեսերին։ Մյուս երկրների տարածքներում, հուսով ենք, որ նույն արագությամբ ամեն ինչ կիրականացվի, և այդ դեպքում Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ 2028 թվականի վերջում», — ասել է Ալիևը։
Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։
Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։






