AM
21 Հոկտեմբեր 2025 - 10:59 AMT

Պապոյան․ Շուտով ադրբեջանական ու վրացական երկաթգծով ՀՀ կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ շուտով ադրբեջանական ու վրացական երկաթգծով ղազախական ցորենի առաջին խմբաքանակը կմտնի Հայաստան։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Լավ, որ այսքանը ասվեց, սա էլ ասեմ. Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։ Խաղաղությունը հաստատված է»,– գրել է նա։

Այս հայտարարությունը հաջորդել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն այն մասին, որ Ադրբեջանը վերացրել է բոլոր սահմանափակումները դեպի Հայաստանի տարանցիկ բեռների համար։

«Նման առաջին բեռը Ղազախստանից Հայաստան ուղարկված հացահատիկն էր։ Կարծում եմ՝ սա ևս լավ օրինակ է այն բանի, որ խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն գոյություն ունի ոչ միայն թղթի վրա, այլև՝ գործնականում»,–ասել է Ալիևը։

Հայաստանը ողջունում է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։ Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։