Ավստրիայի եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ լիակատար համերաշխություն հայտնելով Հայ Առաքելական Եկեղեցուն և Հայաստանի ամբողջ քրիստոնեական համայնքին։
Նշվում է, որ հուլիսի սկզբին բարձրաստիճան եկեղեցականների ձերբակալությունների վերաբերյալ մտահոգություն հայտնելուց հետո, պետք է արձանագրել, որ իրավիճակը չի բարելավվել։ Ընդհակառակը՝ ձերբակալվել են երկու արքեպիսկոպոսներ (Միքայել արք․ Աջապահյան և Բագրատ արք․ Գալստանյան), մեկ եպիսկոպոս (Մկրտիչ եպս․ Պռոշյան), ինչպես նաև մեկ ծխական քահանա (Գարեգին քհն․ Արսենյան)։
«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն արդեն դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, իսկ մյուս հոգևորականները գտնվում են նախնական կալանքի տակ։
Այս զարգացումները խորը հիասթափություն և ցավ են առաջացրել Ավստրիայի և ամբողջ աշխարհի բազմաթիվ հավատացյալների շրջանում:
Բարձրաստիճան եկեղեցականների ձերբակալությունները, կալանավորումները և դատապարտումները, ակնհայտորեն, մարտահրավեր են նետում կրոնական ազատությանը: Մենք մտահոգված ենք, որ այս մոտեցումն անհամատեղելի է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների սկզբունքների հետ:
Նման միջոցները կամայական և անհիմն միջամտություն են Եկեղեցու ազատությանը և կարող են գնահատվել որպես հարձակում կրոնական համայնքի վրա։
Եկեղեցին խղճի և հասարակության ձայնն է, այն ծառայում է խաղաղությանը, արդարությանը և հաշտությանը: Երբ Եկեղեցին բարձրացնում է իր մարգարեական ձայնը, դա անում է ոչ թե ընդդեմ ժողովրդի, այլ հանուն բոլոր մարդկանց բարօրության և արժանապատվության: Եկեղեցին պետք է կարողանա ազատորեն և անարգել կատարել այս առաքելությունը: Մենք աղոթքով և եղբայրական համերաշխությամբ կանգնած ենք մեր հայ քույրերի և եղբայրների կողքին և Աստծուց խնդրում ենք ուժ, մխիթարություն և իմաստություն այս դժվարին ժամանակներում: Միասին աղոթում ենք բանտարկված եպիսկոպոսների, քահանայի և բոլոր տուժած հոգևորականների անհապաղ ազատ արձակման, ինչպես նաև Հայաստանում խաղաղության, միասնության և արդարության հաստատման համար:
«Եվ եթե մի անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները» (Ա Կորնթ․ ԺԲ․ 26)
Թող Աստված զորացնի իր ժողովրդին Հայաստանում և առաջնորդի բոլոր պատասխանատու պաշտոնյաներին ճշմարտության, երկխոսության և խաղաղության ճանապարհով»,–ասվում է հայտարարության մեջ։
Հոկտեմբերի 15–ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում և մի շարք հոգևորականների տներում, որից հետո թեմի տասնյակ հոգևորականներ, այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմի աշխարհիկ աշխատակիցներ, տարվել էին Քննչական կոմիտե։ Դատարանի որոշումներով,Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է երկու ամսով, իսկ Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը՝ մեկ ամսով։ Մյուսներն ունենվկայի կարգավիճակ։
Քննչական կոմիտեն հաղորդել է, որ թեմի առաջնորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու նպատակով պաշտոնեական դիրքի օգտագործում, ինչպես նաև՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունների կիրառմամբ հավաքներին մասնակցելուն հարկադրելու մեղադրանքներով։






