AM
22 Հոկտեմբեր 2025 - 07:35 AMT

Արամ Ա․ Հայրենիքը գնում է դեպի ինքնաքանդում, Սփյուռքը՝ դեպի ինքնամաշում՝ հարկ է առաջքն առնել

Տորոնտոյում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմամբ նշվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Վեհափառի գահակալման երեսնամյակը։

Թորոնտոյի Հայ Երիտասարդական կենտրոնում ունեցած ելույթում Արամ Ա–ն հույս է հայտնել, որ անցնող 30 տարիները Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության պատմության մեջ նոր էջ բացող տարիներ են եղել, հայտնում է կաթողիկոսությունը։

Անդրադառնալով ներկայիս իրողություններին՝ նա հայտարարել է, որ «Հայրենիքը գնում է դեպի ինքնաքանդում, Սփյուռքը՝ դեպի ինքնամաշում՝ հարկ է առաջն առնել՝ համահայկական ճիգով»։

«Զգացական պոռթկումներից, անիրատես արժևորումներից հեռու պետք է մնանք: Մենք չենք կարող մեր ապագան տեսնել, ճշտել ու ծրագրել պատահական ու պարագայական մոտեցումներով, կեցվածքներով, լոզունգներով, դատապարտումներով: Մենք մեր ժողովրդին ապագան կկերտենք իրատես մոտեցումով՝ քննելով մեր ներկան և ճիշտ դիտելով մեր ապագան և ընթանալով այն ճամփով, որը տանում է դեպի մեր Հայրենիքի փրկություն և ազգի բարօրություն»,–ասել է կաթողիկոսը։

Նա հավելել է, որ ապրում ենք մեր պատմության խաչմերուկում, ուստի կարիք ունենք «նոր ղեկավարների, նոր մոտեցումների, նոր կեցվածքների, որպեսզի դուրս գանք ներկա ճահճացած վիճակից»։ Ըստ նրա՝ այդ ամենը պետք է գա երիտասարդներից։

«Հայաստանը գնում է դեպի ինքնաքանդում։ Ինչպե՞ս կարելի է այս ընթացքը կասեցնել: Ահավասիկ Սփյուռքի դերը, որն ինքն էլ լավ պայմաններում չէ:

Հայաստանի փրկության ու վերականգնման մեջ Սփիյուռքի դերը ես առաջնահերթ եմ համարում: Այս պատճառով, մենք, որպես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն, սկսում ենք Սփյուռքի վերակազմակերպման ու վերակենսավորման գործընթաց, քանի որ Հայաստանի հզորացումը պայմանավորված է Սփյուռքի հզորացումով: Ահավասիկ մեր դիմաց հսկա մարտահրավեր է»,–ասել է Արամ Ա–ն։

Հայաստանում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի ներկայացուցիչ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը, ով հոկտեմբերի 16–ին հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սրբազանը Երևան է ժամանել կաթողիկոսի անունից։ Հանդիպման մասին կառավարության և Անթիլիասի հաղորդագրությունները տարբերվում էին:

Հանդիպման մասին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տարածած հաղորդագրության մեջ, պատկերազարդ գիրք ընծայելուց բացի, ասվում է նաև, որ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը վարչապետին է փոխանցել Արամ Ա-ի մտահոգությունները՝ կապված հոգևորականների ձերբակալությունների հետ։