AM
23 Հոկտեմբեր 2025 - 06:35 AMT

Վարդանյանը՝ փաստաբանից հրաժարվելու մասին․ Ես հրաժարվում եմ մասնակցել այս ֆարսին

Շինծու գործով Ադրբեջանում կալանքի տակ պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի միջոցով հայտնել է, որ հրաժարվել է իր պաշտպան Աբրահամ Բերմանի ծառայություններից, քանի որ միջազգային իրավունքի նորմերի, ինչպես նաև հենց ադրբեջանական դատավարական օրենսգրքի կոպտագույն խախտումներն այս լսումները վերածել են բացահայտ ֆարսի:

Նա նշել է, որ իրեն պետք չէ պաշտպանության պատրանք. նա պահանջում է իր դատավարական իրավունքների իրական պահպանում։

«Հոկտեմբերի 21-ի դատական նիստի ընթացքում հայտարարեցի իմ պաշտպան Աբրահամ Բերմանի ծառայություններից հրաժարվելու մասին: Սա հարկադրված որոշում էր: Միջազգային իրավունքի նորմերի, ինչպես նաև հենց ադրբեջանական դատավարական օրենսգրքի կոպտագույն խախտումներն այս լսումները վերածեցին բացահայտ ֆարսի: Այս պայմաններում պաշտպանության բոլոր դատավարական հնարավորություններն սպառված են:

Ինձ այդպես էլ թույլ չտվեցին ծանոթանալ գործի նյութերին և մեղադրական եզրակացությանը: Նյութերին հասանելիություն ունենալը մինչ օրս մերժվում է. ես չեմ կարողանում ծանոթանալ իմ գործի 422 հատորներին, դատարանը չի տրամադրել հիմնական դատավարական փաստաթղթերի պաշտոնական թարգմանությունը:

Ինձ դատարանում պաշտպանվելու հնարավորություն չի տրվել: Ես հնարավորություն չեմ ունեցել առանց սահմանափակումների և նախնական ստուգման փաստաթղթեր փոխանակել պաշտպանի հետ ՝ դատական նիստերին պատրաստվելու համար, հասանելիություն չեմ ստացել ձայնա և տեսանյութերին, որոնք ներկայացվում են որպես իմ մեղքի ապացույց:

Իմ բոլոր միջնորդություններն անտեսվել են քննչական մարմինների և դատարանի կողմից: Պաշտպանի կարևոր խնդրանքները, որոնք անհրաժեշտ էին արդար դատավարության համար, նույնպես մնացել են անպատասխան:

Պաշտպանից հրաժարվելու մյուս պատճառը դատարանի մերժումն էր հրավիրելու վկաների, որոնք կարող էին պարզաբանել գործի հանգամանքները և հաստատել պաշտպանության համար նշանակություն ունեցող փաստերը: Դատարանը հրաժարվեց բավարարել այս միջնորդությունը՝ վերջնականապես զրկելով գործընթացը օբյեկտիվության և արդարության որևէ նշույլից:

Ժամանակի ընթացքում իրավիճակը միայն վատթարացավ: Այս անհեթեթության թատրոնում պաշտպանի դերը, անկախ նրա ցանկությունից և ջանքերից, սահմանափակվում է միայն այս գործընթացի ձևական օրինականության ապահովմամբ: Ես հրաժարվում եմ մասնակցել այս ֆարսին: Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում»,–ասվում է հայտարարության մեջ:

Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին իր ուղերձում նշել էր, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։