AM
10 June 2009 - 18:44 AMT

Լիլիթ Գալոյանը Մայա Չիբուրդանիձեի անվան շախմատի մրցաշարում հանդես է գալիս առանց պարտությունների

Ավարտվել է Մայա Չիբուրդանիձեի անվան շախմատի միջազգային մրցաշարի վեցերորդ փուլը: Երեք հայ շախմատիստուհիներից հաջող ելույթ է ունենում միայն Լիլիթ Գալոյանը , որը չորս միավորով կիսում է աղյուսակի 7-րդ եւ 14-րդ տեղերը: Վեց փուլից երկուսում Գալոյանը հաղթանակ է տարել, իսկ չորսում` ոչ ոքի խաղացել, որոնցից վերջինն արձանագրվել է վեցերորդ փուլում վրացի շախմատիստուհի Քեթի Ցատցալաշվիլու դեմ պարտիայում:

Ոչ ոքի է ավարտվել նաեւ Հայաստանի մյուս ներկայացուցչի` Լիլիթ Մկրտչյանի պարտիան Վրաստանի ներկայացուցչի` Աննա Գավաշվելու դեմ: Մկրտչյանը հավաքել է 3,5 միավոր:

Վեցերորդ փուլում հաղթանակ է տարել միայն Սիրանուշ Անդրեասյանը` գերազանցելով վրացի շախմատիստուհի Փաման Ռիժամաձեին: Սակայն, չնայած այդ հաղթանակին, վեց փուլից հետո Անդրեասյանի հաշվին կա 3 միավոր:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Վրաստանի ներկայացուցիչներ Բելա Խոտենաշվիլին եւ Նանա Ձանիձեն, որոնք վեց փուլում 6-ական միավոր են հավաքել:

Հունիսի 11-ին, 7-րդ փուլում, Լիլիթ Գալոյանը կխաղա վրացի շախմատիստուհի Ալեքսանդրա Վախանիի դեմ, Լիլիթ Մկրտչյանն ուժերը կչափի ռումինուհի Յուլի-Իոնելի Իոնիկիի հետ, իսկ Սիրանուշ Անդրեասյանը կհանդիպի Վրաստանի մեկ այլ ներկայացուցչուհի Նատո Իմնաձեի հետ:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 16800 ԱՄՆ դոլար: Հաղթողը կստանա 5000 ԱՄՆ դոլար եւ Մայա Չիբուրդանիձեի գավաթը, երկրորդ տեղը զբաղեցրած շախմատիստուհին` 4000, երրորդ տեղը` 3000 ԱՄՆ դոլար: