Կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում կատարելու որոշման նախագիծը, ինչպես նաև փոփոխություններ ու լրացումներ՝ 2024 թվականի դեկտեմբերի 27-ի համապատասխան որոշման մեջ։
Նախատեսվում է կառավարության միջոցներից 2.9 մլրդ դրամ ուղղել «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի և պետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգման բնականոն ընթացքն ապահովելու համար, հայտնում է 1lurer.am-ը։
«Առաջարկվող նախագծով միջին նորոգման ճանապարհների նախատեսված ընդհանուր երկարությունը 58 կմ է։ Միաժամանակ ասեմ, որ աշխատանքները տարբեր փուլերում են. դրանց մի մասն արդեն ավարտված է, մյուս մասում մնացել են իրականացվելու գծանշման աշխատանքներ, և օգտվելով առիթից՝ կուզեմ ասել, որ արդեն 2025 թվականի ընթացքում 400 կմ ճանապարհ այս պահի դրությամբ մենք նորոգել, հիմնանորոգել, կառուցել և ավարտել ենք արդեն»,- նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք ընթացիկ տարում հնարավոր կլինի իրականացնել մինչև 500 կմ ճանապարհի շինարարություն։
«Ամբողջովին, պարոն վարչապետ։ Նախատեսվածից ավելի շուտ կիրականացնենք։ Մենք պլանավորում ենք, որ նոյեմբեր ամսին արդեն կավարտենք աշխատանքները. փաստացի 100 կմ է մնացել, որից մոտավոր 40 կմ-ի ներքին շերտն ամբողջությամբ պատրաստ է։ Դեկտեմբերին ասֆալտ չենք անի»,- պատասխանել է նախարարը։
Վարչապետը նշել է, որ վերջին տարիներին ճանապարհային ցանցում նկատվում են որակի փոփոխություններ, սակայն հավելել է՝ դեռևս կան խնդիրներ, որոնք կապված են ճանապարհաշինության ստանդարտների և շարունակականության ապահովման հետ։
«Իսկապես, ես Հայաստանի ներսում էլ շատ եմ ճամփորդում, և ակնհայտ է, որ մենք ճանապարհային ցանցի որակի էական փոփոխություն ունենք, բայց, իհարկե, այստեղ էլ ընդհանուր առմամբ գալիս է մեր ստանդարտի հարցը և աշխատանքն այնպես կազմակերպելու հարցը, որ մենք վստահ լինենք, որ ունենք մեխանիզմ, որ մեր ճանապարհները չհասնեն այն վիճակի, որ մենք նորից սկսենք այդ վիճակից բերել ավելի լավ վիճակի։
Իմ զգացողությունն այն է, որ որակի հարցում մենք որոշակի փոփոխություն ունենք, բայց նաև մեր տեսադաշտում պետք է լինի ճանապարհային ստանդարտի հարցը, որովհետև որակի առումով, օրինակ, շատ երկրների հետ երբ արդեն համեմատում եմ, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների հետ, մենք դեռ չենք հասել ճանապարհաշինության այդ որակին։ Իհարկե, Հյուսիս-հարավի վերջին կտորը բացառություն է»,- նշել է Փաշինյանը։






