Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին համագործակցել է հետաքննության հետ և խոստովանել է, որ տարիներ շարունակ ապօրինի եկամուտներ է ստացել։ Այդ մասին հայտնել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ)։
«Այսօր Իրակլի Ղարիբաշվիլին ցուցմունք է տվել Վրաստանի պետական անվտանգության ծառայությունում և խոստովանել է, որ երկար տարիներ ապօրինի եկամուտներ է ստացել։ Հաշվի առնելով առկա և լրացուցիչ ձեռք բերված ապացույցները՝ առաջիկայում քննչականը կքննի նրա գործողությունների որակավորման հարցը և կիրառելի խափանման միջոցը, որը հանրությանը կհայտարարվի», — հայտարարել է գերատեսչությունը, գրում է «Էխո Կավկազա»–ն։
Ղարիբաշվիլին, ամենայն հավանականությամբ, դեռ կալանավորված չէ։
Ըստ Վրաստանի քրեական օրենսգրքի 701‑րդ հոդվածի՝ «հատուկ դեպքերում, երբ նախաքննության մարմինների հետ համագործակցող մեղադրյալի օգնությամբ պարզվում է ծանր հանցանք գործած պաշտոնյայի կամ պաշտոնյաների ինքնությունը և նրա անմիջական օժանդակությամբ բացահայտվում են տվյալ հանցագործության բացահայտման համար նախանշված նշանակալի պայմաններ, դատարանը կարող է մեղադրյալին ազատել քրեական պատասխանատվությունից»։
Մի քանի օր առաջ ՊԱԾ–ը հայտնել էր, որ նախաքննության արդյունքում, որոնումներից հետո, Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, նախկին պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին, նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեն և նրանց հետ կապ ունեցող այլ նախկին պաշտոնյաների տներում զննություն է իրականացվել, որի արդյունքում առգրավվել է 7,002,200 ԱՄՆ դոլար և 136,000 լարի կանխիկ գումար։
Զննությունների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 198 նմուշ ոսկյա զարդեր և ժամացույցներ, թանկարժեք նկարներ, մի քանի հազար էջանոց փաստաթղթային նյութեր, 50 բջջային հեռախոս և 119 էլեկտրոնային սարք։ Վրաստանի պետական անվտանգության ծառայության և գլխավոր դատախազության հետաքննական բաժինները «ուսումնասիրում են առգրավված փաստաթղթերը եւ էլեկտրոնային սարքավորումները, ինչպես նաեւ պարզում են հայտնաբերված կանխիկ միջոցների ծագումը»։
Ավելի ուշ Վրաստանի դատախազությունը տեղեկատվություն է հրապարակել, ըստ որի ձերբակալվել է Կոբա Հունդաձեն՝ նախկին ՊԱԾ ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի հետ կապ ունեցող մի անձ։ Դատախազության տվյալներով՝ նրա տանից առգրավվել է 1, 319,300 ԱՄՆ դոլար, որոնք դասավորված են եղել 94 ծրարի մեջ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է մեկնաբանել իր նախորդ Իրակլի Ղարիբաշվիլու հնարավոր անօրինական գործողությունների մասին տարածված տեղեկատվությունը։
«Ես չեմ մեկնաբանի այս թեման։ Մարդկային տեսանկյունից, իհարկե, շատ ցավալի է տեղի ունեցողը։ Ընդհանուր առմամբ, մարդկային հարաբերությունները շատ կարևոր են, այդ իսկ պատճառով ես կձեռնպահ մնամ որևէ մեկնաբանությունից։ Եթե ձեզ հետաքրքրում է [պետության արձագանքը], դիմեք համապատասխան մարմիններին»,–ասել է նա:
Պետական անվտանգության ծառայության կոռուպցիայի դեմ գործակալության տնօրեն Էմզար Գաղնիձեն հոկտեմբերի 22-ին հայտնել է, որ «առաջիկա օրերին քննչական մարմինը առկա և նոր ստացված ապացույցների հիման վրա կուսումնասիրի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գործողությունների իրավական որակումը և կկայացնի խափանման միջոցի ընտրության վերաբերյալ որոշում, որը ևս կհրապարակվի հանրության համար»։
Իրակլի Ղարիբաշվիլու փաստաբան Լիլի Գելաշվիլու խոսքով՝ մոտ օրերս ինքը հանդես կգա հրապարակային հայտարարությամբ։
«Իրակլի Ղարիբաշվիլին հարցաքննվել է որպես վկա։ Դեռևս որևէ մեղադրանք չի առաջադրվել։ Քննչականը և դատախազությունը պետք է ձևակերպեն մեղադրանքը, եթե նրանք այդպիսի որոշում կայացնեն։ Մենք անպայման կքննարկենք բոլոր մանրամասները մոտ ժամանակներս», — փոխանցում է փաստաբանի խոսքը «Interpressnews» տեղեկատվական գործակալությունը։






