AM
23 Հոկտեմբեր 2025 - 14:47 AMT

Զախարովան՝ Գյումրիի քաղաքապետի ձերբակալության մասին․ ՀՀ ներքին գործն է

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը՝ նշելով, որ ՀՀ ներքին գործն է:

Նրա խոսքով՝ Մոսկվայում ուշադիր հետևում են Գյումրիում տիրող իրավիճակին: Այնտեղ է գտնվում ռուսական 102-րդ բազան, Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, Ռոսսոտրուդնիչեստվոյի մասնաճյուղը։ Քաղաքային իշխանությունները ակտիվորեն զարգացնում են համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության, ՌԴ տարբեր տարածաշրջանների հետ. մասնավորապես հայտնի է «Պատվո բլուր» հուշահամալիրը՝ նվիրված ռուս-թուրքական պատերազմների ժամանակ զոհված ռուս սպաներին, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ օգոստոսին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի կողմից Գյումրին ստացել է «1941-1945 թթ. աշխատանքային փառքի քաղաք» պատվավոր կոչումը:

«Մենք միշտ պաշտպանում ենք բոլոր նրանց, ովքեր հանդես են գալիս մեր ժողովուրդների միջև ավանդական սերտ կապերի օգտին։ Ինչ վերաբերում է քաղաքապետի ձերբակալությանը գնահատական տալուն, ապա, անշուշտ, դա Հայաստանի ներքին գործն է։ Միաժամանակ նշում ենք, որ ավելի վաղ Վանաձորի, Բերդի, Գորիսի և այլ համայնքների ղեկավարների նկատմամբ հարուցվել էին քրեական գործեր, մի քանիսին կալանավորել էին: Հույս ենք հայտնում, որ նման գործընթացները չեն հանգեցնի ժողովրդից դատական իշխանության հեռացմանը և այդ համակարգի նկատմամբ վստահության կորստին, ինչի մասին հենց Հայաստանի վարչապետն էր վերջերս խոսել հայկական ժողովրդավարության համաժողովում», – ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ այս բոլոր հարցերն արդիական են՝ հաշվի առնելով, որ Հայաստանը մտնում է նոր ընտրական փուլ. 2026 թվականի հունիսին նախատեսված են հերթական խորհրդարանական ընտրությունները։

20-ին ուժայինները ներխուժել են Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը դուրս եկավ համայնքապետարանի շենքից և մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները սկսեցին ձերբակալությունները։

Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։