Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը տարածել է կաթողիկոս Արամ Ա–ի հայտարարությունը, որտեղ ասվում է, որ Հայաստանի վերանկախացումից ի վեր՝ Հայաստանին վերաբերող ներքին, թե արտաքին տագնապների և բևեռացումների նկատմամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեսակետներն ու կեցվածքը միշտ եղել է հստակ և հետևողական։
«Հետևաբար, Անթիլիասը Երևանից հնչող թելադրանքների կարիքը չունի։ Անթիլիասն ինքն է որոշում իր ասելիքն ու անելիքը՝ մշտապես առաջնորդվելով մեր ժողովրդի և հայրենիքի գերագույն շահերով, արժեքներով և իդեալներով»,- ասված է Արամ Ա–ի հայտարարության մեջ։
Տորոնտոյում հանդիսավոր միջոցառման ժամանակ Արամ Ա-ն հայտարարել էր, որ «Հայրենիքը գնում է դեպի ինքնաքանդում, Սփյուռքը՝ դեպի ինքնամաշում՝ հարկ է առաջն առնել՝ համահայկական ճիգով»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արամ Ա–ի այդ հայտարարությունները «կինոյից դուրս մնացած կադրեր» է անվանել։
«Կարդում եմ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները. դրանք ոնց որ կինոյի վերջի՝ «հետաքրքիր դրվագներ նկարահանման ընթացքից կամ կադրեր, որ դուրս են մնացել կինոյից» լինեն։ Ու էդ կինոյի սցենարը նրա մասին ա, որ Հայաստանը կործանվում ա։ Իրանց գործունեության օբյեկտը կործանվող Հայաստանն ա։ Երբ որ Հայաստանը չի կործանվում, իրանք չեն կարողանում Հայաստանի հետ հարաբերվել»,–ասել է Փաշինյանը։






