Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խորհրդական, ավագ քահանա Նիկոլայ Բալաշովը, անդրադառնալով ՀԱԵ շուրջ իրավիճակին, ասել է, որ Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով ու սպառնալիքներով ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու՝ գերազանցում են իրենց սահմանադրական լիազորությունները։
Նա հավելել է, որ ՀԱԵ–ն պետությունից անջատ կառույց է, որին հայ ժողովուրդը »մեծագույն հարգանքով է վերաբերվում» և լիազորություն չի տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին «բարեփոխելու այն ըստ իր հայեցողության», հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի կառավարության ներկայիս ղեկավարը որոշել է անհավասար պայքարի մեջ մտնել ազգային հոգևոր արժեքների դեմ և այդ նպատակով հետապնդում և վիրավորում է եկեղեցու առաջնորդներին ու հոգևորականներին, ձերբակալություններ անում, եկեղեցու շենքերի առգրավման սպառնալիքներ հնչեցնում: Հնարավոր է, որ դա տեղի է ունենում արտաքին ուժերի ազդեցության ներքո, քանի որ նման գաղափարներն ակնհայտորեն չեն արտացոլում հայ ժողովրդի զգացմունքները», – ասել է Բալաշովը։
Բալաշովը շեշտել է, որ աշխարհիկ պետության ներկայացուցիչը, լինելով քաղաքական գործիչ, իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին կարգին, որը ձևավորվում է բացառապես եկեղեցական կանոնադրությամբ։ Նա հիշեցրել է, որ Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների ազատ գործունեությունը՝ նշելով դրանց ինքնավար կարգավիճակն ու պետությունից անջատ լինելը։
«Այսպիսով, վարչապետը նման արտահայտություններով խախտում է իր սահմանադրական լիազորությունները՝ թույլ տալով վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ եկեղեցական առաջնորդների հասցեին», – ընդգծել է պատրիարքի խորհրդականը։
Նա նաև վկայակոչել է Հայաստանի Սահմանադրության դրույթը, որի համաձայն՝ պետությունը պարտավորվել է ճանաչել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքի, ազգային մշակույթի զարգացման ու ինքնության պահպանման գործում։
«Պատմական փորձը համոզիչ ցույց է տալիս, որ մարդկանց հավատքի և եկեղեցու դեմ պայքարն անխուսափելիորեն ավարտվում է պարտությամբ, իսկ եկեղեցի անարգողները խայտառակվում են», – եզրափակել է գործակալության զրուցակիցը։
Հոկտեմբերի 21-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Տ․ Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել։ Կարգալույծ լինելու արդյունքում նա դասվել է աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան անունով։ Նա հայտարարել է, որ կիրակի պատարագ է մատուցելու Հովհաննավանքում։ Վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ ներկա է լինելու։






