Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում ներդրվելու է համընդհանուր հետվճարի համակարգ, քաղաքացիներն անկանխիկ առևտրի դեպքում 2 տոկոս հետվճար են ստանալու։ Այդ մասին նա ասել է Ազգային ժողովում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ընթացքում։
Նրա խոսքով՝ թոշակառուների համար գործող հետվճարի ծրագիրը շարունակելու է զարգանալ, և 2026-ին այդ խմբի համար վերադարձի տոկոսը կբարձրանա՝ ներկայիս 12 տոկոսի փոխարեն դառնալով 20 տոկոս, գրում է Factor.am-ը։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հավելել է, որ հետվճար ստանալու են բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն ArCa քարտեր, հայտնում է Sputnik Արմենիան։
«Այս ծրագիրը մշակել ենք «ԱրՔա» համակարգի հետ։ Հիմա վերջնականացման փուլում ենք։ Մեր նպատակն է, ծրագիրը գործարկել հունվարի 1-ից։ Հետվճար ստանալու են բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն ArCa քարտեր։ Հետվճարը կստանան այդ քարտերով արված բոլոր վճարումներից, եթե դա չի վերաբերում խաղային ոլորտին»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ այդպիսով ստացվում է, որ անկանխիկ առևտուրն էժանանալու է, այսինքն` կանխիկ գործարքները կլինեն 2%-ով թանկ։
2024 թվականի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակ և նպաստ ստացող քաղաքացիներին տրամադրվել է հնարավորություն՝ ապրանքների և ծառայությունների անկանխիկ գնման դիմաց ստանալ 12 տոկոս հետվճար՝ նախկին 10 տոկոսի փոխարեն։ Բացի այդ, վերադարձի առավելագույն սահմանաչափը բարձրացվել էր՝ 5000 դրամից դառնալով 6000 դրամ։






