Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով մերժել պառակտման բոլոր փորձերը՝ երևելի թե աներևույթ:
«Զգուշ, ժողովուրդ հայոց… Մեր շուրջը և նույնիսկ մեր կյանքի ներսում մեր ազգը, Հայրենիքը, եկեղեցին, կազմակերպությունները, համայնքները և Սփյուռք-Հայաստան գործակցությունը պառակտելու լուրջ փորձեր են արվում, որոնց նշանները հստակորեն տեսնում ենք թե Հայաստանում, թե Սփյուռքում։ Լինենք արթուն և զգոն։ Կառչենք մեր արժեքներից, սրբություններից, ավանադություններից ու մեր արմատներից` մերժելով այնպիսի արժեհամակարգեր, մտածելակերպեր ու գործելակերպեր, որոնք հակառակ են մեր էությունը կազմող ու ինքնությունը երաշխավորող բարոյական, հոգևոր ու ազգային արժեքներին։
Մեր եկեղեցին մե՛կ է։ Մեր Հայրենիքը մե՛կ է։ Մեր ազգը մե՛կ է։ Պառակտումի, երևելի թե աներևույթ, փորձերի դիմաց, մենք պետք է հավաքաբար ասենք՝ Ո՛չ։ Ա՛յս է պատգամը մեր պատմության, մեր հերոսների ու մեր սրբերի, այսօ՛ր ու մի՛շտ»,–ասվում է նրա ուղերձում։
Հոկտեմբերի 26–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցել է կարգալույծ քահանայի՝ Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին։ Վարչապետ Փաշինյանի կողքին նրա անմիջական ենթականերն էին. պաշտպանության և էկոնոմիկայի նախարարները, հետևում կանգնած էր առողջապահության գերատեսչության ղեկավարը:
Մի քանի օր առաջ Մայր Աթոռը կարգալույծ է հռչակել Տեր Արամին և արգելել է նրան կատարել որևէ հոգևոր ծես՝ կիրակնօրյա պատարագը որակելով որպես «հոգեկործան նախաձեռնություն» և պնդելով, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է պառակտում առաջացնել եկեղեցու ներսում։ Փաշինյանն ասել է, թե նոյեմբերի 2–ին ևս մասնակցելու է Հովհաննավանքում կայանալիք պատարագին։






