AM
27 Հոկտեմբեր 2025 - 11:12 AMT

Վրաստանն ու Ադրբեջանը չեն մասնակցի Երևանում կայանալիք «Եվրանեսթի» նստաշրջանին

Վրաստանն ու Ադրբեջանը չեն մասնակցի Երևանում կայանալիք «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանին, որը կայանալու է հոկտեմբերի 28-30-ը։

Վրաստանի խորհրդարանի Եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին բաց նամակ է հղել «Եվրանեսթի» ղեկավարությանը` պարզաբանելով Թբիլիսիի որոշման պատճառները, հայտնում է Sputnik-georgia-ն։

Նամակում նշվում է, որ եվրոպացի պատգամավորների որոշ քայլեր և հայտարարություններ Թբիլիսիի գնահատմամբ դուրս են եկել խորհրդարանական դիվանագիտության շրջանակից՝ խախտելով փոխադարձ հարգանքի սկզբունքները։

«Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության որոշ անդամներ հայտարարություններ են արել, որոնք Վրաստանում հասարակական անկարգություններ, արմատականացում և բռնություն են հրահրել, իսկ բանաձևերում ու զեկույցներում շարունակում են անտեսել վրացի ժողովրդի ժողովրդավարական կամքը։

Խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ լիագումար նիստին առանձին անհատներին հրավիրելու որոշմամբ, չնայած նրան, որ այդ մարդիկ աջակցել են ընտրությունները ոչ լեգիտիմ ճանաչելուն, աջակցել են ժողովրդավարական ինստիտուտների խաթարմանը և Վրաստանում վերջերս տեղի ունեցած իշխանության տապալման փորձին»,-ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի «Եվրանեսթի» երևանյանը նստաշրջանին, քանի որ, «այդ կառույցի շրջանակում ընդունված փաստաթղթերն ու հայտարարությունները հակասում են Ադրբեջանի պետական շահերին, չեն նպաստում տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին»։ Այդ մասին հայտարարել է «Եվրանեսթում» ադրբեջանական պատվիրակության ղեկավար Թաիր Միրկիշիլին, հայտնում է APA-ն։

Նա շեշտել է, որ որոշումը կապված չէ այն հանգամանքի հետ, որ նիստն անցկացվում է ՀՀ–ում։

«Միլլի Մեջլիսը բազմիցս այդ մասին բողոք է հայտնել։ Այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև խաղաղության հանդիպումից հետո Եվրախորհրդարանի կողմից արված ոչ կառուցողական հայտարարությունը կրկին խաթարել է ադրբեջանական պատվիրակության վստահությունը Եվրանեսթի ԽՎ-ի շրջանակում այս կազմակերպության հետ համագործակցության առավելությունների նկատմամբ։ Այդ պատճառներով մենք չենք մասնակցի Երևանում կայանալիք լիագումար նիստին։ Մենք մեր առարկությունները փոխանցել ենք նաև կազմակերպության ղեկավարությանը։

Ցանկանում եմ ընդգծել, որ այս որոշումը կապված չէ այն փաստի հետ, որ միջոցառումն անցկացվում է Հայաստանում։ Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն իսկ ապահովված է, և գործնական քայլեր են ձեռնարկվում հարաբերությունները կարգավորելու համար»,- ասել է նա։

Երևանում հոկտեմբերի 28-30-ը կանցկացվի Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրանեսթի, 12-րդ լիագումար նիստը, ինչպես նաև բյուրոյի ու հանձնաժողովների նիստերը։