Մոլդովայի ղեկավար Մայա Սանդուն հայտարարել է, որ Ռուսաստանը փոխում է իր արտաքին քաղաքականության ուղեգիծը՝ նպատակ ունենալով մեծացնել իր ազդեցությունը այն պետություններում, որտեղ առաջիկայում նախատեսվում են ընտրություններ։
Նա ընդգծել է, որ այդ գործընթացի շրջանակում Կրեմլը կարող է փորձել վերահսկողություն հաստատել Հայաստանի ներքաղաքական գործընթացների նկատմամբ, հայտնում է Auroranews.am-ը։
«Ռուսաստանը չի սպասել նման արդյունքների և այժմ փորձում է վերանայել իր պլանները։ Նրանք կկենտրոնանան այն պետությունների վրա, որտեղ ընտրություններ են սպասվում։ Օրինակ՝ Հայաստանում ընտրությունները կկայանան հաջորդ տարի, և նրանք կփորձեն վերցնել իշխանության վերահսկողությունը»,- նշել է Սանդուն Rock FM ռումինական ռադիոկայանին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ Ռուսաստանը մի շարք եվրոպական երկրներում՝ ներառյալ Ռումինիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում, կիրառում է քարոզչության և ապատեղեկատվության գործիքներ, ինչը, ըստ նրա, շատ ավելի դժվար է նկատել սովորական քաղաքացիների համար։
Սանդուի հայտարարությունները մեծ արձագանք են ստացել միջազգային մամուլում՝ ընդգծելով աճող մտահոգությունները Ռուսաստանի ազդեցության քաղաքականության վերաբերյալ Եվրոպայում և Հարավային Կովկասում։
Սեպտեմբերին Մոլդովայում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ իշխող կուսակցությունը, քաղաքացիական հասարակությունն ու անկախ լրատվամիջոցները պնդում էին, որ Ռուսաստանը փորձում է ազդել ընտրությունների արդյունքների վրա, իսկ ռուսամետ կուսակցություններն ու ՌԴ-ում բնակվող գործարար Իլան Շորը փորձում են կաշառել ընտրողներին։






