Քրիստոնյա քարոզիչ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակից Ջոել Թեննին ԱՄՆ նախագահին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ է արել Ադրբեջանից պահանջել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ պատանդներին։ Թեննին այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Կոչ եմ անում նախագահ Դոնալդ Թրամփին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Ադրբեջանից պահանջել անհապաղ ազատել բոլոր հայ պատանդներին: Եթե Հայաստանում և Ադրբեջանում իսկապես խաղաղություն է հաստատվել, ապա ազատեք նրանց, այլապես ո՞րն է ձեր արդարացումը»,- գրել է Թեննին։
Նա նաև հրապարակել է ադրբեջանական բանտերում պահվող հայերի, այդ թվում Արցախի ղեկավարների, լուսանկարները։
Ջոել Թեննին հայտնի է իր հայանպաստ հայացքներով։
2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։






