Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիաի արտգործնախարարի տեղակալ Այշե Բեռրիս Էքինջիի հետ հանդիպմանը քննարկել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հետ առնչվող թեմաներ։
Նա ներկայացրել է թուրք գործընկերոջը ՀՀ հետ կարգավորման ընթացքը, դրա տարբեր ասպեկտները, ինչպես նաև Վաշինգտոնյան գագաթաժողովից բխող հարցերը, գրում է APA-ն։
Նշվել է, որ «Շուշիի հռչակագիրը», որը ամրագրել է Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակցային հարաբերությունները, արտացոլում է երկու երկրների եղբայրական ու բարեկամական կապերը։
Ընդգծվել է, որ պետք է շարունակել բազմաշերտ դաշնակցային հարաբերությունների ամրապնդումը քաղաքականության, անվտանգության, տնտեսական, առևտրային, էներգետիկ, տրանսպորտային, հաղորդակցական, մշակութային‑հումանիտար և այլ ոլորտներում՝ համապատասխանելով երկու երկրների առաջնորդների հանձնարարություններին։
Նշվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ջանքերը բոլոր միջազգային կազմակերպություններում, հատկապես «Թյուրքական պետությունների կազմակերպությունում», արժանի են բարձր գնահատման։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






