AM
28 Հոկտեմբեր 2025 - 13:34 AMT

Թուրքական ԶԼՄ-ներ․ Լրտեսության գործով անցնող Գյունը հեռախոսով զրուցել է Արմեն Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հետ

Թուրքական T24 լրատվամիջոցը հայտնել է, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ սկսված «քաղաքական լրտեսության» գործի քննության շրջանակում ձերբակալված Հուսեյն Գյունը խոսել է նաև իր հեռախոսագրքում նշված անձանց մասին:

Գյունը, որը մեղադրվում է հետախուզական գործակալություններին տեղեկատվություն փոխանցելու համար, ձերբակալվել է այդ թվում իր հեռախոսագրքի համար, որում ներառված են MI6-ի գործակալների, CIA-ի գործակալների, նախկին վարչապետների և նախագահների անուններ, գրում է Factor.am-ը թուրքական T24-ի վրա հղումով։

Գյունի ցուցմունքում տեղ են գտել նաև Հայաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ըստ թուրքական աղբյուրների՝ նրա հեռախոսագրքում հայտնաբերվել են նախկին նախագահ Արմեն Սարգսյանի և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի անունները։

Պարզվել է, որ 2010 թվականին Գյունը 32 րոպե տևողությամբ զրույց է ունեցել Կարապետյանի հետ։

Գյունին հարցրել են զրույցների բնույթի մասին, ինչին ի պատասխան՝ նա ասել է․ «Նա վարչապետ չէր, երբ ես նրա հետ խոսեցի։ Նա զբաղվում էր գործնական հարցերով։ Դա նպատակասլաց զրույց էր»։

Հեռախոսազրույց է տեղի ունեցել նաև ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Գյունը, որը ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հետ ավելի քան 45 րոպե հեռախոսազրույց է ունեցել, դա բացատրել է հետևյալ կերպ. «Նա նախագահ չէր այն ժամանակ, երբ ես հանդիպեցի նրան»։

Այս գործի հետ կապված դատարանը Ստամբուլի բանտարկված ընդդիմադիր քաղաքապետին կալանավորելու որոշում էր կայացրել՝ «քաղաքական լրտեսության» մեղադրանքով։

Հուսեյն Գյունը ձերբակալվել է հուլիսի 4-ին և տվել է 262 էջանոց ցուցմունք, որտեղ ներկայացրել է իր կապերն ու շփումները տարբեր գործիչների հետ՝ փորձելով օգտվել զղջման դրույթից։ Նրա ցուցմունքում հայտնվել են նաև ընդդիմադիր կուսակցության՝ CHP-ի առաջնորդ Իմամօղլուի և մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների անուններ։ Դատախազությունը Իմամօղլուի, նրա խորհրդականի և TELE 1 հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մերդան Յանարդաղի դեմ հետաքննություն է սկսել։