AM
28 Հոկտեմբեր 2025 - 13:47 AMT

Ռուբեն Վարդանյանին նոր փաստաբան են նշանակել

Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է հայտնի գործարար, բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործով դատական ֆարսը։

Քանի որ նախորդ նիստում Վարդանյանը հրաժարվել էր փաստաբանից, որպես պատճառ նշելով դժգոհությունը դատավարությունից, նրան նոր պետական պաշտպան են նշանակել, գրում է APA-ն։

«Նախագահող դատարանի անդամը տեղեկացրել է, որ նախորդ նիստում Վարդանյանը ներկայացրել է պաշտպանից հրաժարվելու միջնորդություն՝ դատավարության ընթացքից դժգոհություն հայտնելով։ Նա նաև նշել է, որ չունի պայմանագիր նոր փաստաբանի հետ և չի առարկել պետական պաշտպանի նշանակման դեմ։ Դատարանը բավարարել է Վարդանյանի՝ Ավրամ Բերմանի ծառայություններից հրաժարվելու միջնորդությունը և միջնորդություն է ներկայացրել Ադրբեջանի փաստաբանների պալատին»,–ասվում է հրապարակման մեջ։

Վարդանյանի պաշտպան է նշանակվել Էմիլ Բաբիշովը։

Նախագահող դատարանի անդամը հայտնել է, որ փաստաբանին հնարավորություն կտրվի հանդիպել ամբաստանյալին ինչպես քննիչ մեկուսարանում, այնպես էլ դատարանում, և կտրամադրվի լրացուցիչ ժամանակ քրեական գործի նյութերին ծանոթանալու համար։

Դատական նիստը հետաձգվել է։

Հաջորդ նիստը նշանակվել է նոյեմբերի 4‑ին։

Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում մյուս հայ ռազմագերիներիկց:Վարդանյանը հունվարի 16-ին իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների: