AM
30 Հոկտեմբեր 2025 - 06:21 AMT

Դեյնս. Ըստ Վաշինգտոնի՝ ՀՀ–ն ու Ադրբեջանը «թոթափել են ռուսական հարկադրանքի լուծը»

ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնսը Վաշինգտոնում վերջերս անցկացված «ԱՄՆ-ն Հարավային Կովկասում. նոր ռազմավարական հնարավորությունների բացահայտում» խորագրով համաժողովում ունեցած իր ելույթում հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը «թոթափել են ռուսական հարկադրանքի լուծը»:

Նա նշել է, որ մինչ օրս Վաշինգտոնի բոլոր խաղաղ նախաձեռնությունները՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը, սկսած Ջորջ Բուշ-ավագի նախագահությունից, անարդյունք են եղել, գրում է Aravot.am-ը։

«Սակայն իրավիճակը փոխվեց, երբ Դոնալդ Թրամփի վարչակազմը տարածաշրջանում խաղաղության հաստատումը դարձրեց արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը»,–նշել է նա։

Դեյնսի խոսքով՝ Դոնալդ Թրամփի վարչակազմն իր առջև խնդիր է դրել Հարավային Կովկասում հասնել խաղաղության, և տարեսկզբից ի վեր ԱՄՆ նախագահի թիմի անդամները սկսել են աշխատել հակամարտող կողմերի հետ:

Սենատորի խոսքով՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ներխուժումը շեղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուշադրությունը և ռուսական ռեսուրսները տեղափոխել է Արևմուտք՝ այդպիսով բացելով դուռը Հարավային Կովկասում ամերիկյան ավելի մեծ ներգրավվածության և ազդեցության համար:

Նրա փոխանցմամբ՝ Հայաստանն ու Ադրբեջանը «թոթափել են ռուսական հարկադրանքի լուծը» և դիմել «անկախ ապագայի՝ Միացյալ Նահանգների հետ գործընկերությամբ»։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։