Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործը, որը Հայաստանում մեղադրվում է, այդ թվում՝ ՌԴ հետ դաշնակցային պետություն ստեղծելու գաղափարը պաշտպանելու համար։ Նա նշել է, որ Հայաստանի իրավապահ մարմինների աշխատանքը երկրի ներքին գործն է:
Ըստ նրա, սակայն զարմանալին այն է, որ Միութենական պետության մասին խոսքերն ընկալվում են որպես ինքնիշխանությունից հրաժարվելու կոչ, բայց ԵՄ–ին անդամակցելու կոչերը հարցեր չեն առաջացնում։
Զախարովան ընդգծել է, որ նման մեղադրանքներն առավել տարօրինակ են հնչում ՀՀ պաշտոնյաների և քաղաքական գործիչների՝ ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ Հայաստանի ընթացքի մասին բազմաթիվ հայտարարությունների ֆոնին: Նա հիշեցրել է, որ 2025 թվականի գարնանը ՀՀ-ում ընդունվել է օրենք համապատասխան գործընթաց սկսելու մասին, հայտնում է Sputnik Արմենիան։
«Հետաքրքիր է՝ ինչ են մտածում այդ մասին երկրի իրավապահ մարմինները։ Ի վերջո, ԵՄ անդամակցությունը բացահայտ ենթադրում է ազգային ինքնիշխանության սահմանափակում՝ արտաքին քաղաքականության, տնտեսության, միգրացիայի, դրամավարկային քաղաքականության և այլ ոլորտներում», — նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովան հավելել է, որ ԵՄ-ին միանալու համար պետությունները պարտավորվում են հրաժարվել ինքնիշխանության որոշ բաղադրիչներից, օրինակ՝ արտաքին քաղաքական որոշումների ընդունման ժամանակ։ Ըստ նրա՝ ԵՄ-ն թեկնածու երկրներից պահանջում է կիրառել պատժամիջոցներ նրանց նկատմամբ, ում միությունը համարում է թշնամի։
Նա նաև շեշտել է, որ Հայաստանում եվրաինտեգրմանն աջակցելու համար ոչ մի քրեական պատասխանատվության կամ քրեական գործի մասին չի խոսվել։
Ամփոփելով՝ Զախարովան նշել է, որ երկրի արտաքին քաղաքական գծի քննարկումը նորմալ հանրային երկխոսության բաղադրիչ է, և նման արտահայտությունների համար քաղաքացիները չպետք է հետապնդվեն օրենքով:
Կաշառք պահանջելու համար կալանքի տակ գտնվող Ղուկասյանին հոկտեմբերի 26–ին նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։ Դրանք որակվել են որպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչ (ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով)։






