AM
31 Հոկտեմբեր 2025 - 10:36 AMT

«Տաշիր կապիտալի» անունից ՀԾԿՀ-ին հոսանքի սակագինը իջեցնելու դիմում է ներկայացվել

«Տաշիր կապիտալի» անունից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմում է մուտաքգրվել էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման համար։ Այդ մասին հայտնել է փաստաբան Վարդան Ալոյանը, հայտնում է «Փաստինֆոն»։

«Ինչպես գիտեք՝ հունիսի 6-ին ՀԷՑ ՓԲԸ-ի կողմից դիմում էր ներկայացվել սակագնի վերանայման համար, առավել կոնկրետ՝ սակագնի իջեցման հետ կապված՝ 3.6 միլիարդ դրամ դրական տարբերությունը հաշվի առնելով։ ՀԾԿՀ-ն նախորդ անգամ դիմումը մերժել էր։ Հիմա նորից դիմումը ներկայացրեցինք, արդեն ներկայացնելով գրեթե մեկ տարվա հաշված թիվը, հիմք ընդունելով, որն արդեն իսկ կազմում է 6 միլիարդից ավել գումար, այսինքն նախորդ 3.6 միլիարդը մի բան էլ մեր կանխատեսումների համաձայն ավելացել հասել է 6 միլիարդի»,- ասել է Ալոյանը։

Նրա խոսքով՝ այս անգամ դիմումը փոխանցվել է ՀԷՑ ՓԲԸ գլխավոր տնօրենի, ընկերության բաժնետեր հանդիսացող «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի, ինչպես նաև տնօրենների խորհրդի անունից, որպեսզի հնարավոր լինի խուսափել հետ վերադարձնելու կամ չքննարկելու պատճառներից։

«Օրենքով սահմանված ժամկետում պետք է արձագանք տան, մենք այս պահին սպասում ենք, դիմումը մուտք է եղել, պետք է քննարկվի, հանձնաժողովը որոշում կայացնի սակագինը փոփոխելու վերաբերյալ։ Հուսամ կքննեն դիմումը և սակագինը կիջեցվի, բնակչության բեռն էլ որոշակի չափով կթեթևանա։ Սպասելիքները դրական են»,-ասել է փաստաբանը։

«Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ մինչև ՀԷՑ–ի շուրջ սկսված աղմուկը ՀԾԿՀ–ն մերժել է հոսանքի գինն իջեցնելու իրենց առաջարկը։ Նա նշել էր, որ հինգ ամիս առաջ՝ հունիսի 6-ին (մինչև հունիսի 17-ի հայտնի դեպքերը), հոսանքի գինն իջեցնելու առաջարկով ՀԷՑ-ի անունից դիմել են ՀԾԿՀ նախագահին, քանի որ համակարգի խնայողությունների և կորուստների նվազ լինելու արդյունքում առաջացել էր դրական հաշվեկշիռ։ Հունիսի 13-ին հանձնաժողովի նախագահի պատասխան նամակում առաջարկը մերժվել է։

ՀԾԿՀ-ից հաղորդագրություն են տարածել ՀԷՑ-ին ներկայացրած՝ 2025 թ․ օգոստոսի 1-ից ընկերության սակագնային մարժայի վերանայման առաջարկի վերաբերյալ, որով տեղեկացնում են, որ նպատակահարմար են գտել էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը իրականացնել տարեվերջին՝ համակարգի ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության տարեկան արդյունքների հիման վրա։