Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների վերանորոգման և ընդլայնման նպատակով 2026 թվականի պետական բյուջեով նախատեսվում է տրամադրել ընդհանուր առմամբ 5.5 միլիարդ դրամ։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով հաջորդ տարվա նախնական բյուջեի մանրամասները։
Նախարարի փոխանցմամբ՝ մետրոյի նոր կայարանի կառուցման աշխատանքների համար հատկացվելու է 2 միլիարդ դրամ։ Այդ գումարը տրամադրվում է «Քաղաքային զարգացում ծրագրի» շրջանակում, որի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 16.6 միլիարդ դրամ, հայտնում է Sputnik Արմենիան։
Մետրոյի ենթակառուցվածքների վերանորոգման համար նախատեսվում է 2.5 միլիարդ դրամ, իսկ ուղևորափոխադրման ծառայությունների լիազորությունների իրագործման համար՝ ևս 1 միլիարդ դրամ։
Խուդաթյանը նշել է նաև, որ հաջորդ խոշոր ենթակառուցվածքային նախագիծը Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցումն է, որի համար նախատեսվում է հատկացնել 7 միլիարդ դրամ։
Երևանի քաղաքապետարանը դեռևս այս տարվա ամռանը հայտնել էր, որ մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագիծը հասել է ավարտական փուլի, և շինարարության մեկնարկը նախատեսվում է 2025 թվականի վերջին կամ 2026 թվականի սկզբին։
Երևանի մետրոպոլիտենի 11-րդ կայարանի նախագծային աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին՝ ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերության կողմից։ Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 250 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ շինարարության ավարտը նախատեսվում է մոտ 5 տարվա ընթացքում։






