Ադրբեջանի նախագահի օգնականը և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի այն հատվածի շինարարական աշխատանքները, որը ձգվում է մինչև Հայաստանի Հանրապետության սահմանը, մտել են վերջին փուլ», հայտնում է Minval.az-ը։
«Ադրբեջանը լայնածավալ աշխատանքներ է իրականացնում տարածաշրջանում նոր տրանսպորտային և լոգիստիկ կապերի ստեղծման ուղղությամբ», — նշել է նա։
Ավելի վաղ Բաքվում հայտարարել էին, որ Հորադիզ–Ջաբրաիլ–Զանգելան–Աղբենդ ճանապարհի շինարարությունը, որն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մաս է կազմում, 95 տոկոսով պատրաստ է։
Փաշինյանը սեպտեմբերի 10–ին ԱԺ-ում հայտարարել էր․ «Հայաստանի տարածքում չի կարող լինել «Զանգեզուրի միջանցք» անունով ենթակառուցվածք, բայց ես չեմ կարող բացառել նաև, որ այդ անունն Ադրբեջանում, օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով, այնքան պոպուլյար է դարձել, որ Ադրբեջանը կարող է իր տարածքով անցնող որևէ ենթակառուցվածք, այդ թվում՝ այն ենթակառուցվածքներից, որ պետք է միանա, օրինակ, «Թրամփի ուղուն», անվանել ցանկացած անունով, ցանկացած մարդու անունով, բայց դա Հայաստանի ինքնիշխան տարածքի ու Հայաստանի օրակարգի հետ որևէ կապ չունի։ Եթե նույնիսկ երդվեն, որ Հայաստանի հետ կապ ունի, չհավատաք»։






