AM
31 Հոկտեմբեր 2025 - 14:40 AMT

Ադրբեջանում ՌԴ դեսպան․ Երկաթուղու 44 կմ հատվածը կարելի է վերականգնել 2 տարում

Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Եվդոկիմովը Զանգիլանում, անդրադառնալով ՀՀ հարավում երկաթգծի վերականգնմանը, որը «Թրամփի ուղի» նախագծի շրջանակներում Ադրբեջանի հիմնական տարածքը կապելու է Նախիջևանի հետ, ասել է, որ դա կտևի 2 տարի։

«Ճանապարհի երկարությունը կազմում է 44 կիլոմետր։ Ռուս երկաթուղային շինարարության մասնագետներն այդ ճանապարհը անցել են ոտքով։ Ճանապարհը կարելի է վերականգնել մոտավորապես երկու տարվա ընթացքում, քանի որ թունելները չեն վնասվել, անհրաժեշտ է միայն երկաթուղային համալիրի վերականգնումը»,–ասել է նա, հայտնում է APA-ն։

Դեսպանի խոսքով՝ կարևոր չէ, թե ով և ինչպես կվերականգնի այդ ճանապարհը։

«Այս ճանապարհը ոչ միայն կամրապնդի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները, այլ նաև կստեղծի տնտեսական կապերի զարգացման պայմաններ տարածաշրջանում։ Ամենակարևորն այն է, որ ճանապարհի վերականգնումը հնարավորինս շուտ ավարտվի», — նշել է դեսպանը։

Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։

Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։