AM
1 Նոյեմբեր 2025 - 06:29 AMT

ECRI․ Ըստ ԵԽ հանձնաժողովի՝ ՀՀ-ն չի կատարել Արցախից փախստականների հետ կապված իր առաջարկը

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովը (ECRI), որը ԵԽ-ի շրջանակում գործող անկախ փորձագիտական ​​մարմին է, փաստել է, որ Հարավային Կովկասի երկրները, այդ թվում՝ Հայաստանը, զգալիորեն չեն առաջադիմել իրենց առաջարկությունների իրագործման հարցում։ Ուսումնասիրվել է երեք երկրների կողմից 2023 թվականին տրված առաջարկությունների կատարումը։

Եվրոպայի խորհրդի հանձնաժողովը գտնում է, որ ՀՀ-ն չի կատարել Արցախից փախստականների հետ կապված իր առաջարկը, գրում է Factor.am-ը։

Հայաստանի վերաբերյալ՝ ECRI-ը պարզել է, որ ՀՀ համար առաջնահերթ առաջարկություն էր ընդունել ինտեգրման ռազմավարություն՝ ուղեկցվող համապատասխան ֆինանսական ռեսուրսներով և կարողությունների զարգացմամբ՝ փախստականների, ապաստան փնտրողների և միգրանտների համար արդյունավետ աջակցության գործողություններ ապահովելու համար։

ՀՀ իշխանությունները ECRI-ին տեղեկացրել են մի շարք միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվել են՝ ի պատասխան 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին տարածաշրջանում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողության հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 հայերի լայնածավալ տեղահանության հետևանքով առաջացած աննախադեպ մարդասիրական մարտահրավերի։

Ընդունելով ՀՀ իշխանությունների առջև ծառացած դժվարությունները և գովաբանելով դրամական օգնության տեսքով տրամադրված արագ օգնությունը, ինչպես նաև սոցիալական պաշտպանության հասանելիությունը հեշտացնելու, առողջապահության հասանելիությունն ընդլայնելու և տեղահանված երեխաների կրթությունն ապահովելուն ուղղված միջոցառումները, ECRI-ն եզրակացնում է, որ ներկայիս իրավիճակում իր առաջարկությունը դեռևս չի իրականացվել։

ՀՀ իշխանությունները «մասամբ են իրականացրել» նաև մյուս՝ բազմազանության և հանդուրժողականության վերաբերյալ իրազեկության բարձրացման միջոցառումներ իրականացնելու առաջնահերթ առաջարկությունը։

Եվրոպայի խորհուրդը արձանագրել է, որ չեն կատարել Ադրբեջանում քվիրֆոբիկ ատելության դեպքերի վերաբերյալ տվյալների հավաքագրումը, ինչպես նաև Վրաստանում քաղաքացիական հասարակության և պետական ներկայացուցիչների մասնակցությամբ միջգերատեսչական մարմնի ձևավորումը։

Հանձնաժողովն արձանագրել է, որ չի իրականացվել Ադրբեջանում քվիրֆոբիկ ատելության դեպքերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը, իսկ Վրաստանում՝ քաղաքացիական հասարակությանը և վրացական իշխանությունների ներկայացուցիչներին միավորող միջգերատեսչական կոմիտեի ստեղծումը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը երկրորդ հրամանագիրն էր հրապարակել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը։