AM
1 Նոյեմբեր 2025 - 06:40 AMT

Բաքվում ավարտվել է 15 հայ գերիների շինծու գործերով դատավարությունը

Հոկտեմբերի 31-ին Բաքվում ավարտվել է 15 հայ գերիների, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության,շինծու գործերով դատավարությունը։ Մեղադրող կողմը ժամանակ է խնդրել մեղադրական ելույթներին պատրաստվելու համար։ Դատարանը նրանց ժամանակ է տվել մինչև նոյեմբերի 3–ը, գրում է Azertag-ը։

Ավարտվել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի, ինչպես նաև Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի, Դավիթ Ալլահվերդյանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Մադաթ Բաբայանի, Մելիքսեթ Փաշայանի և Գարիկ Մարտիրոսյանի նկատմամբ կեղծ դատավարությունը։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։