AM
1 Նոյեմբեր 2025 - 06:48 AMT

Հաջիև․ Չենք կարծում, որ Ալիևի այցը Երևան հնարավոր կլինի

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հնարավոր չի համարում իր երկրի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը նախատեսված է 2026–ի գարնանը։

Նա նշել է, որ չի կարծում, թե Ալիևի այցը Երևան հնարավոր կլինի, գրում է Minval.az-ը։

«Նախ՝ դեռևս չի ստացվել պաշտոնական հրավեր-նամակ Ադրբեջանի նախագահի մասնակցության համար Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը կայանալու է Երևանում։ Երկրորդ՝ ներկայիս պայմաններում մենք չենք կարծում, որ Ադրբեջանի մասնակցությունն այս միջոցառմանը՝ ամենաբարձր մակարդակով, հնարավոր կլինի», — ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հրավիրվել են Երևան՝ հաջորդ գարնանը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ «հրավերներն առայժմ բանավոր են, փաստաթղթային դեռ չեն ուղարկել»։