Հոկտեմբերի 30-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել ՀՀ անկախության 34-ամյակի առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելություն, որին մասնակցել են ԱՄՆ տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ երկրում հավատարմագրված դիվանագետներ, ինչպես նաև դիվանագիտական ու ռազմական շրջանակների ներկայացուցիչներ, ամերիկյան գործարար ոլորտի անդամներ, ՀՀ պատվո հյուպատոսներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել նաև ԱՄՆ Պետքարտուղարության քաղաքականության մշակման հարցերով աշխատակազմի ներկայացուցիչ Ջոնաթան Ասքոնասը։ Նա ևս շնորհավորել է ներկաներին անկախության տարեդարձի առթիվ և վերահաստատել է ԱՄՆ վճռականությունը՝ ընդլայնելու երկկողմ համագործակցությունը, հայտնում է ԱՄՆ–ում ՀՀ դեսպանությունը։
Իր ելույթում դեսպան Նարեկ Մկրտչյանը շնորհավորել է ներկաներին ՀՀ անկախության տարեդարձի առթիվ՝ ընդգծելով անկախության պատմական արժեքը։ Դեսպանը ներկայացրել է 1991թ. անկախության հանրաքվեի քվեաթերթիկի բնօրինակը՝ որպես ժողովրդի՝ անկախ պետություն ունենալու միասնական կամքի խորհրդանիշ։
Դեսպանը, անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, նշել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ստորագրված խաղաղության պայմանագրի պատմական կարևորությունը։ Նա իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ վարչակազմի գործընկերներին՝ Հայաստանի նկատմամբ ցուցաբերված կայուն աջակցման համար՝ ընդգծելով երկու երկրների միջև խաղաղության, ժողովրդավարության և փոխադարձ հարգանքի հիման վրա ձևավորված կապերի խորացման անհրաժեշտությունը։
Մշակութային ծրագրի շրջանակում ներկայացվել են հայ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի «Reflections» և «Dialogue» մոնո-օպերաները։ Դաշնակահար, կոմպոզիտոր, ինչպես նաև «Կատուներ» ավանգարդ-ջազ-ռոք խմբի հիմնադիր և ղեկավար Վահագն Հայրապետյանը հանդես է եկել ջազային կատարմամբ։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ ռ






