AM
3 Նոյեմբեր 2025 - 09:57 AMT

Սուքիասյանի «Սիլ Ինշուրանսը» կրկին հաղթել է Երևանի քաղաքապետարանի ապահովագրական փաթեթի մրցույթում

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Ինշուրանս» ընկերությունը կրկին հաղթել է Երևանի քաղաքապետարանի ապահովագրական փաթեթի մրցույթում։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասել է առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։

«Հեկտեմբերի 13-ից գործում է Երևանի քաղաքապետարանի և նրա ենթակա ՓԲԸ-ների աշխատակիցների համար ապահովագրական փաթեթը։ Պայմանագիրը կնքվել է մրցույթը շահած «Սիլ Ինշուրանս» ընկերության հետ»- նշել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նա հայտնել է, որ մեկամսյա ժամկետում կարող են ապահովագրվել նաև ընտանիքի անդամները՝ մինչև 21 տարեկան երեխաները, ինչպես նաև մինչև 70 տարեկան ամուսինը, կինը, ծնողը։

Կարապետյանը նաև ստորաբաժանումների ղեկավարներին խնդրել է, որ հորդորեն իրենց աշխատակիցներին կանխարգելիչ ստուգում անցնել՝ նշելով, որ նախորդ տարի 15 հազար ապահովագրված անձանցից ընդամենը 2 հազարն էր անցել կանխարգելիչ հետազոտություն։