«Կասկադ» համալիրի վերակառուցման նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից. ծրագիրը մտնում է գործնական փուլ: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն ընթացքում հայտնել է Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը։
Նա նշել է, որ ներդրողի հետ կկնքվեն համապատասխան պայմանագրեր, որոնցով կկարգավորվեն «Կասկադի» նոր հատվածը կառուցելուն և հարակից հողամասերն օտարելուն առնչվող հարաբերությունները, հայտնում է Արմենպրեսը։
«Առաջիկայում կմեկնարկեն «Կասկադի» վերևի հատվածում նախկինում մեկնարկած և անավարտ մնացած շինարարության առկա հիմքերի քանդման աշխատանքները, ինչպես նաև նախագծի կոնցեպտի համաձայնեցման գործընթացը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ»,-ասել է Թևանյանը:
Ներդրումային առաջարկը Երևանի քաղաքապետարանը ստացել է այս տարվա հունվարի 15–ին։ Մրցույթին մասնակցած և հաղթած միակ ամերիկյան ընկերության մասնակցությամբ չորս ընկերություններից կազմված կոնսորցիում է աշխատելու։
Մրցույթում հաղթողի հետ քաղաքապետարանը կնքել է նախնական պայմանագիր, որի արդյունքում անհատույց հիմունքներով ձեռք է բերել Ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետների (WILMOTTE & ASSOCIÉS) կողմից մշակված «Կասկադ» նախագծային էսքիզը, որը մեկ այլ էսքիզի հետ միասին ներկայացվել է հանրության քվեարկությանը։ Շուրջ մեկ ամիս հանրային քննարկումներից հետո ճանաչվել է հաղթող՝ հավաքելով ամենաբարձր միավորները։






