Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն իր զորակցությունն է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին։
«Խոր ցաւով և մտահոգությամբ ենք հետևում վերջին ամիսներին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդների, բարձրաստիճան հոգևորականների և մասնավորապես Հովհաննավանքի շուրջ ծավալվող խիստ անհանգստացնող և ցավալի դեպքերին: Կարգալույծ հոգևորականի կողմից՝ պետական իշխանության բացահայտ հովանավորությամբ իրականացվող գործողությունները ոչ միայն անօրինական են և հակառակ եկեղեցական կանոնադրությանը, այլև խաթարում են ՀԱԵ վարկն ու հեղինակությունը, վիրավորում հայ ժողովրդի հոգևոր զգացումները և վտանգում մեր դարավոր ինքնությունն ու հավատը։
․․․Անթույլատրելի է պետական այրերի միջամտությունը Եկեղեցու ներքին կյանքին, առավել ևս՝ կարգալույծ անձերի սատարումը՝ Հովհաննավանքը զավթելու և անվավեր «պատարագներ» մատուցելով օրինական ծեսերը խաթարել փորձելու ընթացքը:
Խստորեն դատապարտում ենք այս անօրինական և անպատվաբեր քայլերը և կոչ ենք անում պետական իշխանությանը՝ դադարեցնել ՀԱԵ ներքին գործերինն միջամտելու բոլոր դրսևորումները, վերականգնել արդարությունը և օրինականությունը, և ապահովել Եկեղեցու օծյալ սպասավորների անվտանգ և խաղաղ գործունեությունը:
Մեր անկեղծ զորակցությունն ենք հայտնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին և հոգևորականաց դասին»«–ասվում է հայտարարության մեջ։
Հոկտեմբերի 26–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցել է կարգալույծ քահանայի՝ Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին։ Վարչապետ Փաշինյանի կողքին նրա անմիջական ենթականերն էին. պաշտպանության և էկոնոմիկայի նախարարները, հետևում կանգնած էր առողջապահության գերատեսչության ղեկավարը: Մայր Աթոռը կարգալույծ է հռչակել Տեր Արամին և արգելել է նրան կատարել որևէ հոգևոր ծես՝ կիրակնօրյա պատարագը որակելով որպես «հոգեկործան նախաձեռնություն» և պնդելով, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է պառակտում առաջացնել եկեղեցու ներսում։
Փաշինյանը նոյեմբերի 2–ին ևս պատարագի է մասնակցել է Հովհաննավանքում։






