AM
4 Նոյեմբեր 2025 - 07:19 AMT

Նախագիծ․ Կներդրվեն «հետադարձ հիփոթեք» և «կողակցի սեփականության իրավունք» ինստիտուտները

Քաղաքացիական օրենսգրքում նախատեսվում է ավելացնել «հետադարձ հիփոթեք» և «կողակցի սեփականության իրավունք» նոր իրավական ինստիտուտները։ Այս նախաձեռնությամբ հանդես է եկել Կադաստրի կոմիտեն, հայտնում է Factor.am-ը:

Մասնավորապես, նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ կենսաթոշակային տարիքի այն քաղաքացիներին, ովքեր ունեն սեփական բնակարան, տուն կամ այգետնակ, գրավադրել իրենց անշարժ գույքը՝ դրա դիմաց ստանալով պարբերական եկամուտ, առանց կյանքի ընթացքում վճարումներ կատարելու պարտավորության։ Ընդ որում, գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պահպանվելու է ամբողջ պայմանագրային ժամկետի ընթացքում։

«Անշարժ գույքի նման կառուցվածքային գերակշռությունը հանգեցնում է նրան, որ բնակչության զգալի ակտիվներ դուրս են մնում ակտիվ տնտեսական շրջանառությունից՝ խոչընդոտելով նաև անշարժ գույքի կոնցեպտուալ զարգացմանը:

Այսպես, կենսաթոշակային տարիքին հասած քաղաքացիների զգալի մասը, ունենալով անշարժ գույք, շարունակում է ապրել սահմանափակ ընթացիկ եկամուտներով՝ առողջապահական, կոմունալ և խնամքի աճող ծախսերի պայմաններում։ Գործող օրենսդրական դաշտում բացակայում է բավարար իրավական հիմք, որը կերաշխավորի անվտանգ և կանխատեսելի մեխանիզմ՝ սեփականատիրոջը հնարավորություն տալու իր անշարժ գույքի արժեքի հաշվին ստանալ եկամուտներ՝ պահպանելով ոչ միայն գույքի նկատմամբ իր սեփականության, այլև այն օգտագործելու (բնակվելու) իրավունքը։

Այսպիսով, առկա է իրավական բաց՝ տարեց քաղաքացիների գույքային պոտենցիալը ֆինանսական ռեսուրսի վերածելու, ինչպես նաև սոցիալական պաշտպանության լրացուցիչ մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ»,-նշվում է հիմնավորման մեջ։

«Կողակցի սեփականության իրավունք» կոչվող նոր կարգավորումը նախատեսում է, որ ամուսնության ընթացքում ձեռք բերված և համատեղ սեփականություն հանդիսացող գույքը կարող է, սեփականատերերի դիմումի համաձայն, գրանցվել որպես կողակցի սեփականություն։ Այդ եղանակով, ամուսիններից մեկի մահվան դեպքում, կենդանի մնացած ամուսինը կկարողանա անխոչընդոտ օգտագործել և տնօրինել այդ գույքը՝ բնակարանն կամ տունը դիտարկելով որպես ամբողջական գույքային միավոր՝ առանց անհրաժեշտության այն բաժանել մյուս ժառանգների միջև տվյալ փուլում։

Նախագծի հեղինակը շեշտել է, որ ամուսնության ընթացքում գույքը կողակցի սեփականություն ճանաչելու հնարավորությունը կստեղծի իրավական հստակություն և կանխատեսելիություն գույքային հարաբերություններում՝ միաժամանակ ապահովելով կենդանի մնացած ամուսնու սոցիալական պաշտպանվածությունը։